24/07/2014 16:59
Զինվորը ծառայակցին դիվերսանտի հետ է շփոթել և 10 կրակոց արձակել նրա վրա
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Խաչատուր Խաչատրյանի մահվան գործով մեղադրյալ Տիգրան Հակոբյանը դատապարտվել է 4 տարի, իսկ Արթուր Մարտիրոսյանը և Արթուր Զոհրաբյանը՝ 1 տարի 11 ամիս 27 օր ժամկետով ազատազրկման: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դատավճռով Ա. Մարտիրոսյանի և Ա. Զոհրաբյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառելվել՝ սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով:
Դատարանը, գնահատելով հետազոտված ապացույցները, հաստատված է համարել, որ ամբաստանյալ Տիգրան Հակոբյանը հանդիսանալով ՊԲ N զորամասի նռնականետորդ, կոչումով շարքային, 2013թ. սեպտեմբերի 6-ից 20-ը մարտական դիրքում մարտական հերթապահությունն իրականացնող հերթափոխի կազմում որպես դիտորդ, խախտել է ՀՀ Պաշտպանության նախարարի 23.12.2008թ. թիվ 0250 հրամանով հաստատված «ՀՀ Պետական սահմանի մարտական դիրքերում մարտական հերթապահության կազմակերպման և անցկացման մասին» կանոնադրության պահանջները, ինչը առաջացրել է ծանր հետևանքներ:
Մասնավորապես` նշված կանոնադրության 37-րդ կետի պահանջով, նրան արգելված լինելով այլ գործողություններով ծառայությունից շեղվել և թուլացնել աչալրջությունը` 2013թ. սեպտեմբերի 15-ին ժամը 02:50- սահմաններում դիտակետում հերթապահելու ժամանակ քնել է, արթնացել ձայներից և տեսնելով իրենից ձախ մոտ 10 մետր հեռավորության վրա մարդկային պատկեր, չտեսնելով և չիմանալով, որ այն է` իր հետ տվյալ ժամին դիտակետում հերթապահություն կատարող շարքային Խաչատուր Խաչատրյանն է, կարծելով թե հակառակորդի դիվերսիոն խումբ է ներխուժել մարտական դիրք, պետական սահմանի հատումը կանխելու համար` լիցքավորել է իրեն կցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը և թվով 10 հատ փամփուշտ արձակել տեսած մարդկային պատկերի ուղղությամբ: Արդյունքում ստացած հրազենային մարմնական վնասվածքներով Խ.Խաչատրյանը տեղափոխվել է Մարտունու զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 05:15-ին մահացել է:
Ամբաստանյալ Արթուր Մարտիրոսյանը հանդիսանալով ՊԲ զորամասի ջոկի հրամանատար, կոչումով սերժանտ, 2013թ. սեպտեմբերի 6-ից 20-ը ընդգրկված լինելով մարտական դիրքում մարտական հերթապահությունն իրականացնող հերթափոխի կազմում որպես դիրքի ավագի օգնական, իսկ համաձայն N դիրքի հերթապահության կրման հաստատված գրաֆիկի, պարտավոր լինելով ամեն օր ժամը 02:00-ից 04:00-ն դիտակետում որպես դիտորդ հերթապահեր շարքայիններ Տիգրան Հակոբյանի և Խաչատուր Խաչատրյանի հետ, խախտել է ՀՀ պաշտպանության նախարարի 23.12.2008թ. թիվ 0250 հրամանով հաստատված «ՀՀ պետական սահմանի մարտական դիրքերում մարտական հերթապահության կազմակերպման և անցկացման մասին» կանոնադրության պահանջները, ինչը առաջացրել է էական վնաս:
Մասնավորապես` անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելով նշված կանոնադրության կանոնների նկատմամբ, 2013թ. սեպտեմբերի 15-ին, ժամը 02:00-ից չի հերթապահել դիտակետում և գտնվել է գետնատնակում: Ժամը 02:50-ի սահմաններում Տ. Հակոբյանը դիտակետում հերթապահելու ժամանակ քնել է, արթնացել ձայներից և տեսնելով իրենից ձախ մոտ 10 մետր հեռավորության վրա մարդկային պատկեր, չտեսնելով և չիմանալով, որ այն` իր հետ տվյալ ժամին դիտակետում հերթապահություն կատարող շարքային Խ. Խաչատրյանն է, կարծելով թե հակառակորդի դիվերսիոն խումբ է ներխուժել մարտական դիրք, պետական սահմանի հատումը կանխելու համար` լիցքավորել է իրեն կցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը և թվով 10 հատ փամփուշտ արձակել տեսած մարդկային պատկերի ուղղությամբ: Արդյունքում ստացած հրազենային մարմնական վնասվածքներով Խ. Խաչատրյանը տեղափոխվել է Մարտունու զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 05:15-ին մահացել է:
Ամբաստանյալ Արթուր Զոհրաբյանը, հանդիսանալով ՊԲ N զորամասի դասակի հրամանատարի տեղակալ,կոչումով ավագ սերժանտ, 2013թ. սեպտեմբերի 6-ից 20-ը ընդգրկված լինելով թիվ 139 մարտական դիրքում մարտական հերթապահությունն իրականացնող հերթափոխի կազմում որպես դիրքի ավագ և հանդիսանալով պաշտոնատար անձ, պետ` 2013թ. սեպտեմբերի 15-ին ժամը 02:00-ին խախտել է ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 81, 153, 154 հոդվածների պահանջները, ՀՀ Պաշտպանության նախարարի 23.12.2008թ. թիվ 0250 հրամանով հաստատված «ՀՀ Պետական սահմանի մարտական դիրքերում մարտական հերթապահության կազմակերպման և անցկացման մասին» կանոնադրության 33-րդ կետի պահանջները, համաձայն որի` պարտավոր լինելով վերահսկելու կազմված դիտորդների հերթափոխի գրաֆիկի ճիշտ կատարումը, նշված ժամանակ տեղյակ լինելով, որ սերժանտ Արթուր Մարտիրոսյանը համաձայն դիրքի հերթապահության կրման հաստատված գրաֆիկի ժամը 02:00-ից շարքայիններ Տիգրան Հակոբյանի և Խաչատուր Խաչատրյանի հետ միասին չի իրականացնում, դիտորդի պարտականությունները դիտակետում, այլ գտնվում է գետնատնակում, պարտավոր լինելով կանխել դա և դրա մասին զեկուցել վերադաս հրամանատարությանը, հակառակ ծառայության շահերի, վերը նշված արարքը թաքցնելու միջոցով, դիրքի վարկանիշը չիջեցնելու շարժառիթներով, Ա. Մարտիրոսյանի աչքին բարձր երևալու համար դրսևորել է իշխանության անգործություն` Ա. Մարտիրոսյանին դիտակետ ծառայության չի ուղարկել, մարտական զգոնությունը չի ապահովել, ինչը առաջացրել է էական վնաս, այն է` 2013թ. սեպտեմբերի 15-ին, ժամը 02:50-ի սահմաններում Տ. Հակոբյանը դիտակետում հերթապահելու ժամանակ քնել է, արթնացել ձայներից և տեսնելով իրենից ձախ մոտ 10 մետր հեռավորության վրա մարդկային պատկեր, չտեսնելով և չիմանալով, որ այն` իր հետ տվյալ ժամին դիտակետում հերթապահություն կատարող շարքային Խ. Խաչատրյանն է, կարծելով թե հակառակորդի դիվերսիոն խումբ է ներխուժել մարտական դիրք, պետական սահմանի հատումը կանխելու համար` լիցքավորել է իրեն ամրակցված ինքնաձիգը և թվով 10 հատ փամփուշտ արձակել տեսած մարդկային պատկերի ուղղությամբ:
Արդյունքում ստացած հրազենային մարմնական վնասվածքներով Խ.Խաչատրյանը տեղափոխվել է Մարտունու զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 05:15-ին մահացել է:
3 ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր են ճանաչել և օգտվելով իր դատավարական իրավունքից՝ հրաժարվել ցուցմունք տալուց:
Նախորդող հրապարակում՝ Զինծառայող Խ. Խաչատրյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել 3 զինծառայողի
Արցախում զոհված զինվորը վիրավորվել է ծառայակցի կրակից