24/07/2014 15:03
Հաճախ ոստիկանությունը պատշաճ չի իրազեկում քաղաքացիներին. Նախարար
Կառավարության նիստից հետո այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն անդրադարձավ քաղաքացիների հաշիվների վրա դրվող արգելանքին` ասելով, թե խնդիրը, իսկապես, կարևոր է, բազմաշերտ և վերաբերում է բազմաթիվ քաղաքացիների:
«Այս իսկ պատճառով իմ նախաձեռնությամբ ստեղծվեց միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում բացի Արդարադատության նախարարության և ԴԱՀԿ-ի ներկայացուցիչների, կան նաև Ոստիկանության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ»,- ասաց նախարարը:
Առաջին խնդիրը, որի մասին խոսեց Հ. Մանուկյանը, վերաբերում է ծանուցումների հարցին, որը երբեմն, նրա խոսքով, ոստիկանությունը պատշաճ չի կատարում:
«Այստեղ պետք է հստակություն մտցնել և վարչարարությունն ամրապնդել, որպեսզի նման դեպքերը մինիմումի հասնեն»,- ասաց նախարարը` հավելելով, որ հաճախ պատճաշ ծանուցում հնարավոր չէ իրականացնել, քանի որ դա կապված է նաև փոստի հետ:
Երկրոդ խնդիրը, արդարադատության նախարարի խոսքով, բանկային համակարգում հաշիվների արգելանքն է:
«Այստեղ պարզվեց, որ խնդիր կա բանկային հաշիվների վրա դրվող արգելանքի չափի հետ: ԴԱՀԿ-ն բոլոր փաստաթղթերում հստակ նշում է գումարի չափը, թե որքան գումար պետք է արգելափակվի, բայց պարզվեց տեխնիկական խնդիրներ կան` բանկերի հետ կապված և արգելանք դրվում է ողջ գումարի վրա»,- ասաց Հ. Մանուկյանը` հավաստիացնելով, որ իրենք աշխատում են` հարցը շտապ լուծելու համար: