24/07/2014 19:58
Իրաքի կազմաքանդումը սպառնալիք է Թուրքիայի և Իրանի միասնականության համար
Իրաքի խորհրդարանը այսօր կփորձի երկրի նոր նախագահ ընտրել, ով այդ պաշտոնում կփոխարինի Ջալալ Թալաբանիին:
Ոչ պաշտոնական պայմանավորվածությունների համաձայն Իրաքի նախագահ պետք է դառնա ազգությամբ քուրդ թեկնածուն:Թալաբանին, ով Իրաքի ողջ պատմության ընթացքում համարվում է առաջին քուրդ նախագահը, 2012թ.-ին առողջական խնդիրների պատճառով հոսպիտալացվել էր Գերմանիայի հիվանդանոցներից մեկը, այս օրերին վերադարձել է Իրաք:
Իրաքում նախագահական ընտրությունները տեղի են ունենում ներքաղաքական սուր ճգնաժամի և այդ երկրի՝ էթնիկ-կրոնական սահմաններով կազմաքանդման իրական վտանգի պայմաններում: Իրաքի, ինչպես նաև Սիրիայի մի զգալի հատվածը վերահսկվում է «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինների կողմից, ինչը իրական սպառնալիք է ինչպես Իրաքի տարածքային ամբողջականությանը, այնպես էլ հարևան երկրների:
«Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն» սունի իսլամիստական խմբավորումը հայտարարել է Իրաքի և Սիրիայի տարածքում իսլամական խալիֆայության ստեղծման մասին:
«Իրաքի և Լևանտի Իսլամական պետությունը» փոխում է իր անվանումը և այսուհետ կոչվելու է «Իսլամական պետություն» (Islamic state): Խմբավորման առաջնորդ և խալիֆ է հայտարարվել Աբու Բաքր ալ-Բաղդադին: Դեռևս 2011թ.-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը 10 միլիոն դոլար է խոստացել ալ-Բաղդադիի մասին ցանկացած տեղեկատվության համար, իսկ ԱՄՆ-ի իշխանությունները նրան ընդգրկել են ամենավտանգավոր ահաբեկիչների ցուցակի մեջ:
Իսլամիստները ցանկանում են օգտագործել բնակչության դժգոհությունը և հակաշիական տրամադրությունները Իրաքում իսլամական կարգեր հաստատելու համար: «Իրաքի և Լևանտի Իսլամական պետությունը» սունիական կազմակերպություն է, որի նպատակն է Իրաքում և Սիրիայում հաստատել իսլամական կարգեր:
Նրանք սերտորեն համագործակցել են «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման հետ, ինչի հետևանքով որոշ ժամանակ նրանց կոչում էին «Իրաքի Ալ-Ղաիդա»: Տարբեր գնահատականներով «Իսլամական պետության» անվանափոխված կազմակերպությունը Սիրիայում ունի մոտ 7.000 մարտիկ, իսկ Իրաքում՝5.000-6.000:
Իսլամիստները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում իրականացնում են էթնիկ զտումներ շիաների և քրիստոնյաների նկատմամբ, քանդում են նրանց սրբավայրերը: Ջիհադականների կողմից վերահսկվող շրջաններից մեծացել է ներքին տեղահանվածների թիվը, ովքեր ապաստան են գտնում հիմնական Իրաքի Քուրդիստանում:
«Իրաքի և Լևանտի իսլամական պետության» մարտիկները Իրաքի Մոսուլ քաղաքում ոչնչացրել են քրիստոնեական և մահմեդական կրոնական կառույցներ:
Մոսուլում իսլամիստները քրիստոնյաներին առաջարկել են իսլամ ընդունել կամ գումար վճարել, հակառակ պարագայում սպառնացել են մահով:
Մոսուլը համարվում է Իրաքի երկրորդ քաղաքը: Այդտեղ իսլամիստները ոչնչացրել են 1800-ամյա քրիստոնեական եկեղեցի: Իսլամիստները քրիստոնյաներին ստիպում են վճարել կրոնական հարկ, որը կազմում է ամսեկան 250 դոլար:
Իսլամիստների դեմ ակտիվ պայքարելու համար իրաքյան կառավարությունը զգում է միասնականության կարիք, սակայն իսլամիստների ակտիվությանը զուհագեռ ակտիվանում են նաև անջատողական ձգտումները Իրաքի Քուրդիստանում, որի առաջնորդ Մասուդ Բարզանին մեղադրելով Իրաքի այսօրվա իշխանություններին երկրում ստեղծված իրավիճակի համար, պատրաստվում է մոտակա ժամանակներս անկախության հանրաքվե անցկացնել:
Անկախ Քուրդիստանի ստեղծումը փոխում է աշխարհաքաղաքական իրավիճակը ողջ Մերձավոր և Միջին Արևելքում ու սպառնում է Թուրքիայի, Իրանի և Սիրիայի տարածքային ամբողջականությանը, քանի որ այդ երկրներում Իրաքի Քուրդիստանի մոտ կոմպակտ բնակվում են միլիոնավոր քրդեր և դա կարող է «դոմինոյի էֆեկտով» ակտիվացնել անջատողական շարժումները այդ երկրների քրդերի շրջանում, ինչը միշտ էլ առկա է եղել և ճնշվել է կենտրոնական իշխանությունների կողմից:
Այսպիսով, Իրաքի Քուրդիստանի անկախությունը վտանգում է հարևան երկրներից՝ Իրանի տարածքային ամբողջականությունը (Իրանական Քուրդիստան), որտեղ միշտ էլ ակտիվ են անջատողական ձգտումները:
Թուրքիան էլ կես դար պայքարում է «Քրդական բանվորական կուսակցության» և քրդական անջատողականության դեմ, որը մեծ ազդեցություն ունի Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում, որոնք սահմանակցում են Իրաքյան Քուրդիստանին: Քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Սիրիայում էլ, այդ երկրի հյուսիսային շրջաններում քրդերը որոշակի ինքնավարության աստիճան են ձեռք բերել՝Ասադի հավատարիմ լինելու և իսլամիստների չաջակցելու պայմանով, սակայն իրավիճակը կարող է կտրուկ փոխվել, եթե իրենց հարևանությամբ ստեղծվի անկախ քրդական պետություն:
Բացի այդ, Սիրիայի տարածքի 35% այս պահին վերահսկում է «Իրաքի և Լևանտի Իսլամական պետությունը», որը խալիֆայություն է հռչակել Սիրիայի և Իրաքի տարածքներում: Չմոռանանք, որ Իրաքում կոմպակտ բնակվում են նաև շիաները, որոնք էլ Իրաքի կազմաքանդման պարագայում պետք է միանան Իրանին կամ խնդրեն Թեհրանին միջամտել և ապահովել իրենց ֆիզիկական անվտանգությունը ջիհադականներից: