24/07/2014 16:20
Մասնագետներ. Արևայրուքը վտանգավոր է. Աչալուրջ եղեք
Օգտակար է, թե ոչ արևայրուքը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արևայրուքի թեմային անդրադարձան մաշկավեներաբան Սամվել Խաչատրյանն ու Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոնի բժիշկ-ուռուցքաբան Հրայր Հակոբյանը:
Բանախոսները վստահեցրեցին, որ արևայրուքը օգտակար չէ, դեռ ավելին, այն վնասակար է. մաշկը ավելորդ ճառագայթներ և որոշ չափով այրվածք ստանալուց հետո կորցնում է խոնավությունը, դիմադրողական հատկությունները:
Բացի այդ, ուլտրամանուշակագույն ճառագայթներն ավելացնում են մաշկի քաղցկեղների հավանականությունը, հատկապես բաց գույնի մազեր, մաշկ, աչքեր ունեցողների մոտ:
Մաշկավեներաբան Սամվել Խաչատրյանը արևայրուքի սիրահարներին խորհուրդ տվեց օգտագործել պաշտպանիչ քսուքներ, իսկ արևայրուքի դեպքում չօգտագործել մածուն, ծայրահեղ դեպքում՝ ձեթ:
Հրայր Հակոբյանն անդրադարձավ մաշկային քաղցկեղի սեռային հարաբերակցությանը, և նշեց, որ այն հանդիպում է ավելի շատ տղամարդկանց մոտ: