24/07/2014 18:30
Ազատամարտիկը քաղաքացիություն է պահանջում
Ազատամարտիկ Սեյրան Հովսեփյանը ևս Կառավարության շենքի «հնաբնակներից» մեկն է համարվում: Արդեն երկար ժամանակ է՝ իր իրավունքների մասին է բարձրաձայնում: Նա ապրել է Ուկրաինայում, բայց դեկտեմբերից տեղափոխվել է Երևան: Այսօր նա շատ ծանր սոցիալական պայմաններում է ապրում: Չի ստանում ո՛չ թոշակ, ո՛չ նպաստ: Պատճառը Հայաստանի քաղաքացի չլինելն է, որն այդպես էլ չի կարողանում ստանալ:
«Սկզբից ասեցին՝ գնա էսինչ թղթերը բեր, կտանք, բայց հետո փոշմանեցին: Երևի գումար են ուզում»,- Aysor.am-ի թղթակից հետ զրույցում պատմեց նա՝ նշելով, որ ինքը բոլոր փաստաթղթերն ունի, բայց այսօր, հաշմանդամ լինելով հանդերձ՝ ո՛չ թոշակ է ստանում, ո՛չ էլ քաղաքացիություն:
«1990 թվականին պատերազմի ժամանակ վիրավորվել եմ: Վազգեն Սարգսյանի ջոկատից եմ եղել»,- պատմեց նա:
Հարցին՝ դիմե՞լ եք որևէ գերատեսչության՝ ազատամարտիկը նեղսրտեղ ու նշեց. «Ո՞ւմ դիմեմ, քուր ջան: Ում դիմում եմ, ոչ մի օգնություն չեմ ստանում: Անուն-ազգանունը, պաշտոնը չեմ իմանում, բայց մեկն ինձ ասեց՝ գնա ՆԳ նախարարություն, քեզ կօգնեն: Երկու անգամ գնացել եմ, բայց այդպես էլ չեն օգնել: Սկզբում ասեցին, թե ուշացրել եմ, 50 հազար դրամ տուգանք պետք է վճարեմ, բայց հիմա էլ ես էդ գումարը չունեմ, ուրդո՞ւց տամ»,- նեղսրտեց Հովսեփյանը:
Ազատամարտիկը հուսալքված է. հայտնվել է անելանելի վիճակում՝ հասկանալի ու անհասկանալի պատճառներով: «Ասել են կա՛մ վճարի, կա՛մ վտարում ենք երկրից: Է, թող վտարեն, բայց ինչի՞, երբ ես իմ իրավունքների մասին եմ խոսում: Փող են ուզում: 50 հազար դրամը, 13 հազար դրամ էլ՝ չգիտեմ ինչ ծառայության համար: Բայց ինչպե՞ս վճարեմ»,- հավելեց նա:
Ազատամարտիկը դեմ չէ աշխատանքին, բայց այսօր նորմալ աշխատանք էլ չի կարողանում գտնել: «Ուր դիմում եմ՝ ծանր աշխատանք են առաջարկում: Իսկ ես ծանր աշխատանք չեմ կարողանում կատարել: Էդ թղթի կտորը որ տային, մի կերպ թոշակով յոլլա կգնայի»,- ասաց նա: