24/07/2014 11:40
Պետական երիտասարդական նվագախումբն առաջին անգամ հանդես կգա Չինաստանում
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը տեղեկացնում է, որ առաջին անգամ միջազգային մրցույթների պատմության մեջ հայկական կոլեկտիվը հրավեր է ստացել հանդես գալու Ասիայում անցկացվող միջազգային մրցույթի շրջանակներում, ընդ որում՝ որպես մրցույթի պաշտոնական նվագախումբ:
Օգոստոսի 11-18-ը Երիտասարդականը Չինաստանի Ֆոշան քաղաքում ելույթ կունենա Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային 9-րդ մրցույթի շրջանակներում՝ եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հետ, ինչպես նաև հանդես կգա մրցույթի գալա համերգին: Նվագախումբը նաև ելույթ կունենա երկու առանձին համերգով՝ ներկայացնելով բազմաժանր և յուրահատուկ համերգային ծրագիր:
Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթը երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր և նշանակալի մշակութային միջոցառումներից է: Վերջինիս շրջանակներում դարերի ավանդույթներ ունեցող հայ կատարողական արվեստի ներկայացումը իսկապես մեծ պատիվ և նույնքան մեծ պատասխանատվություն է: