24/07/2014 15:19
Էրդողանը ձայնե՞ր կստանա նաև հայկական համայնքից
Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների թե՛ առաջին, և թե՛ երկրորդ փուլերի արդյունքում հաղթող, հավանաբար, կճանաչվի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:
Նրա խոսքով` Թուրքիայում անցկացվող նախագահական ընտրությունները որակվում են պատմական, որովհետև Օսմանյան կայսրության, և առհասարակ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ անցկացվելու են համաժողովրդական ընտրություններ:
«Պատմական են, քանի որ ժողովուրդն է ընտրելու, իսկ մինչ այս` Թուրքիայում նախագահը ընտրվում էր Խորհրդարանի կողմից»,- նշեց թուրքագետը` ընդգծելով, որ այս ընտրությունների միակ ու հիմնական ֆավորիտը առաջադրված 3 թեկնածուներից հանդիսանում է Էրդողանը:
Անդրադառնալով թեկնածուներին` բանախոսը նշեց, որ թեև առաջին անգամ համաժողովրդական նախագահի աթոռի համար Էրդողանի հետ կպայքարի խոշոր ընդդիմության երկու թեկնածու, նրանց հաղթելու հավանականությունը, սակայն, շատ քիչ է:
«Առաջադրված 3 թեկնածուներից «Արդարացում և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ, իշխող կուսակցության նախագահ Էրդողանի շանսերն ավելի մեծ են: Նրա հետ մրցակցող «Ժողովրդավարական» և «Ազգային հանրապետական» կուսակցության շարժումների միասնական թեկնածուն` Էքմելեդին Իսանօղլուն և քրդական ուժերի ներկայացուցիչ, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսկացության թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշին դժվար պայքար է սպասվում:
Ակնհայտ է, որ ֆավորիտը գործող վարչապետն է, թեև նրա շուրջ սկանդալներ են հյուսվում»,- հավելեց նա` նկատելով, որ թեև քուրդ թեկնածու Դեմիթաշն առաջադրվել է Էրդողանի ձայները թռցնելու համար, բայց վայելում է ժողովդրի մեծամասնության համակրանքը՝ նրա շանսերը անգամ ընտրությունների երկրորդ փուլում չեն բավականացնի, որպեսզի նա հաղթող ճանաչվի:
«Էրդողանին նա լուրջ մրցակից չէ: Այդ թեկնածուի մասնակցությունն ավելի շատ խորհրդանշական է` քուրդ թեկնածու նախագահական ընրություններում»,- հավելեց նա` ընդգծելով, որ Թուրքիայում Էրդողանը արդեն ունի իր կայուն ընտրազանգվածը: Այսինքն` գործող վարչապետին արդեն հաջողվել է մեկ անգամ ընտրություններում հաղթել: Բացի այս, թուրքագետի համոզմամբ, Էրդողանի հաղթանակին կարող են նպաստել իր իսկ մրցակիները:
«Իսանօղլուն ևս չի կարող լուրջ մրցակից լինել Էրդողանի համար, քանի որ նա նոր քաղաքական գործիչ է: Իսկ քուրդ թեկնածուի մանակցությունը Էրդողանին պարզապես ձեռնտու է»,- շեշտեց Պետրոսյանը՝ հավելելով, որ Էրդողանը ընտրություններին հիմնականում հաղթում է հենց քրդերի ձայների շնորհիվ:
Ինչ վերաբերում է հայկական համայնքին, ապա այստեղ թուրքագետը նկատեց, որ հայկական համայնքից նույնպես ձայների մի զգալի մասը բաժին կընկնի Էրդղանին: Պետրոսյանի համոզմամբ՝ հայկական համայնքը չի կարող լուրջ ազդեցություն ունենալ այս ընտրությունների վրա:
«Հայերը հիմնականում սատարում են Դեմիթաշին, բայց Էրդողանը նույնպես համայնքից ձայներ կստանա: Հայկական համայնքն այսօր սերտ կապեր ունի Թուրքիայի իշխանությունների հետ: Դեմիրթաշը թեև քուրդ է, բայց նա հիմնական իր հույսը դրել է Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների վրա: Իր ընտրական քարոզաշրավը նա ևս կառուցում է տարբեր փոքրամասնությունների շփումների հիմքերի վրա:
Ինչ վերաբերում է Իսանօղլուն, ապա նա դասակարգման աղյուսակում ամենավերջինն է: Նա նոր ֆիգուր է, ում գաղափարախոսության հենքում հակահայկականությունն է ընկած, որի պատճառով և չի ստանա հայ համայնքից ձայներ: Փոխարենը, սակայն, նա կստանա ձայներ այն ուժերից, ովքեր նրանից շահ ունեն»,- ասաց նա: