24/07/2014 10:08
Վարդան Մամիկոնյանի արձանը հայտնվել է «Պեպսիի» տաղավարի գագաթին
Երեկվանից սպարապետ Վարդան Մամիկոնյանի արձանը հայտնվել է «Պեպսիի» տաղավարի գագաթին: Համենայնդեպս, այդպես է երևում Խանջյան փողոցի կողմից դիտելիս: Բանն այն է, որ Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ, արձանի մերձակա հրապարակի ուղիղ կենտրոնում տեղադրվել է «Պեպսի» ֆիրմայի մի տաղավար, որը ծածկել է զորավարի արձանի պատվանդանը:
Եվ թվում է, թե քաղաքապետարանը ճարտարապետական հանճարեղ լուծում է գտել, որպեսզի զորավարն իր հավատարիմ ձիով սուրա «Պեպսիի» վրայով:
«Սա ավելի լավ Երևանի գաղափարախոսությանը համահո՞ւնչ է»,- հարցրել է «Հայկական Ժամանակի» թղթակիցը Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին: Փոխքաղաքապետը, նախ, աշխատակազմից ճշտել է, թե ինչ գործ ունի տաղավարն այդ հրապարակում: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը թերթի թղթակցին և Արեյանին հայտնել է, որ սա տեղադրվել է «Պեպսի» ֆիրմայի խնդրանքով, մի ակցիայի շրջանակներում, և որ տաղավարը ժամանակավոր է: «Հայկական Ժամանակի» թղթակցի հարցին, թե ժամանակավոր մի քանի օ՞ր, թե՞ ժամանակավոր մի քանի ամիս, Երևանի քաղաքապետարանից դժվարացել են պատասխանել. խոստացել են անպայման ճշտել և պարզաբանում տալ: Սակայն ողջ օրվա ընթացքում քաղաքապետարանն այդպես էլ պարզաբանմամբ հանդես չի եկել: