24/07/2014 20:40
Զիվորների մայրերը հիմա էլ ուզում են տեսնել Նախագահ Սարգսյանին
Խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերն այսօր կրկին հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց: Հիշեցնենք, որ զինվորի մայրերը օրեր առաջ հանդիպել էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նրանք պատմեցին, որ Հովիկ Աբրահամյանին են ներկայացրել իրենց խնդիրները, համապատասխան բոլոր փաստաթղթերը: «Մենք վարչապետին դիմումներ տվեցինք, որպեսզի գործին ընթացք տրվի: Մենք նաև խնդրել ենք պարզաբանել, թե ո՞ր օրենքով են մեր երեխեքին տարել Ղարաբաղ, որտեղ նրանց սպանել են: Բայց առ այսօր այդ դիմումների պատասխանները չենք ստացել: Մեր երեխեքին հենց Ղարաբաղում են սպանել: Կայքերից մեկում կարդացի, թե Նախագահ Սարգսյանն է հայտարարել, որ Ղարաբաղը Հայաստանի կազմում չի եղել, չի էլ կարող լինել: Բա ինչո՞ւ են մեր երեխեքին տարել զինծառայության այլ Հանրապետությունում: Եթե Սերժ Սարգսյանն է Գերագույն հրամանատարը, նա պետք է մեր հարցերին պատասխան տա»,- նշեց մայրերից մեկը՝ հավելելով, որ իրենք Հովիկ Աբրահամյանին խնդրել են նաև, որպեսզի նա միջնորդի Նախագահի հետ հանդիպման համար:
Ծնողները համոզված են, որ նախագահ Սարգսյանը կարող է չար բարքերը վերացնել բանակից: «Մեր բանակը, մեր բանակը… Բա եթե մեր երեխեքին բանակ ենք ուղարկում, պետք է նրանց նաև ողջ ու առողջ հետ ստանանք: Թող տեսնեն, թե հրամանատարները ինչ կերպ են մեր երեխեքի հետ վարվում»,- ասաց ծնողներից մեկը:
Վերադառնալով վարչապետի հետ ձեռքբերված պայմանավորվածությանը՝ ծնողները մանրամասնեցին, որ Հովիկ Աբրահամյանը խոստացել է օգնել: Վարչապետը հորոդորել է նաև այդ դիմումները հանձնել անմիջապես Նախագահ Սարգսյանին: «Վարչապետն ինքն էլ համոզվեց, որ մենք ճիշտ ենք և իրավունք ունենք նման բան պահանջել: Ցույց տվեցինք փորձաքննության ընթացքում ձեռք բերված բոլոր ապացույցները, լուսանկարները, ներկայացրեցինք բոլոր հակասությունները: Գործի ընթացքին ծանոթացրեցինք: Բոլոր հակասություններին տեղյակ է վարչապետը»:
Զինծառայող Վլերիկ Մուրադյանի մայրը համոզված է, որ իր որդին ինքնասպանություն չի գործել: Նրա հավաստմամբ՝ դա պարզվել է նաև քննության ընթացքում: «Ասում են՝ դեպքի վայրում աթոռ կա: Ուրեմն կախվել է: Հարցնում եմ՝ աթոռի վրա կա՞ն մատնահետքեր ու ոտնահետքեր, ասում են՝ չէ: Ես գործը քննող քննիչի վերաբերյալ էլ բողոքարկել եմ բոլոր ատյաններում, բայց բոլոր թղթերը հետ են վերադարձրել: Բա՞ քննիչին պատիժ չի հասնում, երբ գործի քննությունից ընդհանրապես տեղյակ չի: Արդեն 4 տարի 4 ամիս է որդիս մահացել է, բայց գործը դեռևս չի բացահայտվել»,-ասաց նա:
Տիկին Մուրդյանը թեև կասկածում է, որ իր որդուն ինքնասպանության են դրդել, բայց անգամ այդ դեպքում հանցագործություն է տեղի ունեցել. դրդողները պետք է պատժվեն: «Պետք է պատժվեն, բայց նրանք ո՞ւր են: Ասում են, նախագահին երևի խնդիրը ճիշտ չեն ներկայացնում: Եթե ճիշտ չեն կարողանում ներկայացնել, թող մեզ ընդունի մենք ներկայացնենք: Ես գնացել եմ, փորձաքննության ընթացքում որդուս հագուստներն եմ պահանջել, բայց դրանք Վալերիկինը չեն եղել: Գևորգ Կոստանյանին, երբ զինդատախազն էր, միջնորդություն ներկայացրեցի, հագուստ պահանջեցի, բերեցին, բայց դրանք իմ որդունը չէին: Տղայիս համազգեստի հետ բերել են մի հատ էլ ուրիշ ռազմերի տաբատ: Քննիչ Արսեն Մովսեսյանից հետաքրքրվեցի, թե էդ ումնա, ինքն էլ տեղյակ չէր, թե ումն ա: Գործով արդեն չորրորդ քննիչն ա փոխվել, բայց գործը այդպես էլ չի բացահայտվել: Ասում են, թե տղաս պլանա ուզել: Հոկտեմբերյանից ենք, ասում են պլանա քաշել: Բայց ինքը ոչ խմում էր, ոչ ծխում: Իսկ եթե պլանն ուզել է ինչ-որ մեկի համար, դա նախ պետք է ապացուցեն: Եթե պլան է ուզել, թող ասեն թե ում համար է ուզել: Հեքիաթներ են պատմում, այնպիսի հեքիաթներ, որոնք հորինված են: Մենք ուզում ենք հանդիպել Նախագահ Սերժ Սարգսյանի հետ և նրա միջնորդությունը խնդրել»,- նշեց տիկին Մուրադյանը: