25/07/2014 18:58
Էրդողանը չի գա Հայաստան` առերեսվելու պատմությանը. Արտակ Շաքարյան
«2015 թվականի ապրիլի 24-ին Թուրքիան պատրաստվում է մեծ շուքով նշել Դարդանելի ճակատամարտի հաղթանակը, որի ժամանակ մեծածավալ ու մեծաշուք միջոցառումներ են նախատեսվում: Շատ երկրների նախագահներ հրավիրվել են այդ միջոցառմանը: Դա փաստում է այն մասին, որ Թուրքիայի ապագա նախագահը Հայաստան չի պատրաստվում գալ»,- Aysor.am-ի հարցին ի պատասխան, թե հաջորդ տարի Էրդողանին սպասե՞լ Հայաստանում, ասաց թուրագետ Արտակ Շաքարյանը` նշելով, որ նա չի գա ու չի առերեսվի պատմությանը:
Մեր դիտարկմանը, թե Էրդողանին է սատարում նաև Հայոց Պատրիարքարանը, թուրագետ Արտակ Շաքարյանը նշեց, որ միշտ էլ հայ համայնքի վերնախավը համագործակցել է թուրք իշխանությունների հետ: «Օսմանյան ժամանակաշրջանից ի վեր պատրիարքները և այլ ղեկավար մարմիններ սերտ հարաբերությունների մեջ են եղել սուլթանների հետ և սատարել են նրանց: Այդպես է նաև այսօր»,- շեշտեց նա:
Նրա խոսքով՝ այդ մարդիկ համագործակցում են քաղաքապետերի, համայնքապետերի հետ և, բնականաբար, նախընտրություն են տալիս հին ընկերներին: «Այսօր էլ հայ համայնքի ղեկավարերը նախընտրում են գահին տեսնել փորձված թանին, քան` անփորձ մածունին: Այսինքն՝ սատարում են Էրդողանին, որովհետև այսօր չարյաց փոքրագույնը նրանց համար Էրդողանն է»:
Թուրքագետ Հակոբ Չաքրյանի համոզմամբ էլ, եթե իշխանությունների կողմից չառաջադրվեր Էրդողանը, այլ լիներ որևէ այլ թեկնածու, Պատրիարքարանը, այսպես, թե այնպես, սատարելու էր նրան:
«Պատրիարքարանը ինքնուրույն մարմին չէ, իսկ դա հայ համայնքում դժգոհությունների առիթ է դարձել: Ես չեմ տեսել, որ Պատրիարքարանը աղքատ մի կնոջ նյութական օգնություն տրամադրի: Դժբախտաբար, այսօր մեր եկեղեցին կտրված է հայ համայնքից: Պատրիարքարանը հետաքրքրվում է միայն մեծահարուստներով, իսկ աղքատներին անտեսում է: Դա վերաբերում է նաև քահանաներին: Դեռ հնուց այդպես է եղել: Եկեղեցու վիճակը Թուրքիայում լավ չի: Համայնքը չի վստահում Պատրիարքարանին և լավ չի տրամադրված: Պատրիարքարանի գործը միայն մեծահարուստ հայերից փող հավաքելն է»,-մանրամասնեց Հ. Չաքրյանը: