25/07/2014 12:50
«Օֆշորի գործ». Աշոտ Սուքիասյանի փաստաբանը Աֆրիկայից նոր փաստաթղթեր է ստացել
«Օֆշորի գործով» կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանի փաստաբանը Աֆրիկայից փաստաթղթեր է ստացել, որոնք ապացուցում են, որ հայ գործարարին խաբել են: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց Ա. Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ հայ գործարարին «խաբած» աֆրիկացիների նկատմամբ այդ երկրում սանկցիա է կիրառվել, նրանք ձերբակալված են:
«Այս փաստաթղթերը պետք է թարգմանվեն, որից հետո էլ կներկայացնեմ քննչական մարմնին: Եվս մի շարք երկրներ հարցումներ ենք ուղարկել, որոնց պատասխանին ենք սպասում: Այլ մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ դա նախաքննական գաղտնիք է»,- ասաց նա:
Փաստաբանի խոսքով՝ Ա. Սուքիասյանը շարունակում է հարցաքննվել, ամեն օր ցուցմունք է տալիս, դեռևս առերեսում չի եղել որևէ մեկի հետ:
Յ. Խաչատրյանը նաև ասաց, որ առայժմ չի բողոքարկելու դատարանի որոշումը՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ, քանի որ դա անիմաստ է համարում այս փուլում:
Նշենք, որ Աշոտ Սուքիասյանը կալանավորվել է հունիսի 19-ին և տեղափոխվել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:
Հիշեցնենք, որ Աշոտ Սուքիասյանին մեղադրանքի է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ Քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար:
Նախորդող հրապարակում՝ Փաստաբան. Աշոտ Սուքիասյանը հիմա էլ պնդում է, որ իր մեղադրանքը անհիմն է