25/07/2014 17:57
Կաթնամթերքի արտադրության ոլորտում առկա են ապրանքի որակի խնդիրներ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության խորհրդակցությունների դահլիճում կայացել է հանդիպում կաթի-կաթնամթերքի արտադրության ոլորտի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը մասնակիցներին է ներկայացրել ներկայում կաթի-կաթնամթերքի վերամշակման և արտադրության ոլորտներում առկա խնդիրների լուծման ուղիները: Այս մասին հայտնում են ՍԱՊԾ լրատվական ծառայությունից:
Կաթնամթերքի արտադրության ոլորտում առկա են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են արտադրության սանիտարահիգիենիկ վիճակը, ապրանքի որակը, ոլորտին առնչվող փաստաթղթաշրջանառությունը: Ա.Բախչագուլյանը նշել է, որ այդ խնդիրները պետք է լուծեն միասին՝ թե՛ Ծառայության և թե՛ կաթնամթերք արտադրողների համատեղ ջանքերով, և հատկապես սանիտարահիգիենիկ խնդիրների դեպքում պետք է ոչ միայն խոսել, այլ նաև գործել:
Ծառայության պետն անդրադարձել է նաև պաղպաղակի շուկայում առկա խնդիրներին, որոնք հիմնականում առնչվում են բաղադրությանն ու մակնշմանը: Նա հայտնել է որ նոր օրենքներով կան գործիքներ, որոնցով կարգավորվում է կաթնամթերքի արտադրության գործընթացը: Առաջինն աուդիտն է, այսինքն՝ Ծառայության կողմից որակի բարելավման համար խորհրդատվության ապահովումը տնտեսավարողներին, իսկ երկրորդը՝ դիտարկումը ոչ միայն վաճառքի կետերում, այլ նաև արտադրամասում և պահեստներում:
Աբրամ Բախչագուլյանը նշել է նաև, որ Ծառայության կողմից մշակվել է և արդեն հրատարակվել է ոլորտը կարգավորող «Կաթի և կաթնամթերքի արտադրություններում վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի ներդրման ուղեցույց», որում հստակ նշվում են ոլորտի հսկման կրիտիկական կետերը, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Հանդիպմանը ներկա տնտեսավարողներին տրամադրվեց տվյալ ուղեցույցը:
Կաթի-կաթնամթերքի արտադրության ոլորտում անցկացվող ուսումնասիրության հետ կապված առաջարկություններով հանդես են եկել նաև արտադրողները, քննարկվեցին առկա խնդիրների լուծման ուղիները, նաև Մաքսային միությանն անդամակցելու ընթացքում առաջ եկող փոփոխությունները: