25/07/2014 16:19
Սեռական դաստիարակության հարցում շատ կարևոր է ազգային մտածողությունը
Երբ ազատ են ինֆորմացիոն հոսքերը, պետք է հաշվի առնել, թե ինչ տեղեկատվություն է ստանում դեռահասը: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով անչափահասների սեռական դաստիարակության խնդիրների մասին, ասաց սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանը:
«Ծնողներն իրենց երեխաների սեռական դաստիարակության հարցում պետք է չափազանց ուշադիր լինեն, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաների այս ժամանակաշրջանում ապատեղեկատվությունը շատ է»,- ասաց նա` միևնույն ժամանակ ընդգծելով, որ քիչ չեն նաև դեպքերը, երբ երիտասարդները բավականաչափ տեղեկացված չեն և չպատրաստված ամուսնանում են` հանդիպում են որոշակի խնդիրների:
«Պետք է կանոնակարգում մտցվի, և տարբեր տարիքային խմբերի երեխաներին համապատասխան դաստիարակություն տրվի»,- կարծում է Ս. Հակոբյանը:
Ասուլիսի մասնակից հոգեբան Աննա Բադալյանն էլ իր հերթին ասաց, որ երեխայի սեռական դաստիարակության հարցում շատ խորն ազդեցություն ունեն ծնողները.
«Պետք է հաշվի առնել երեխայի տարիքը, սեռի կայացումը և ընդհանուր միջավայրը: Երեխան ձևավորվում է ոչ միայն ծնողների ուղղակի կամ անուղղակի դաստիարակությամբ, այլև` հասարակության հետ շփումով: Սեռական դաստիարակության հարցում շատ կարևոր է նաև ազգային մտածողությունը»,- ասաց հոգեբանն` ավելացնելով, որ հաճախ որոշ բաներ ընդօրինակվում է այլ ազգերից` հաշվի չառնելով, որ դա կարող է բոլորովին այլ ազդեցություն ունենա մեր մտածողության վրա: