25/07/2014 14:16
Հայաստանը լուրջ ձեռքբերումներ ունի տուբերկուլոզի դեմ պայքարի գործում. ԱՀԿ
Հուլիսի 17-24-ը Հայաստանում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի համապարփակ գնահատման առաքելությունը:
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի առողջապահական համակարգի և հանրային առողջության վարչության տնօրեն, եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի դեղակայուն տուբերկուլոզի հարցերով հատուկ հանձնակատար, դոկտոր Հանց Կլուգենը նշել է, որ մեր երկիր կատարած այցն ուներ երկու հիմնական նպատակ:
«Մեր նպատակն էր տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի եռամյա աշխատանքի գնահատումը, ինչպես նաև Հայաստանի առողջապահության նախարարի հետ Հայաստանում հետագա համընդհանուր առողջապահական ծածկույթ ապահովելու հարցերի քննարկումը, որը ենթադրում է համապատասխան առողջապահական ծառայությունների ապահովում»,- ասել է Հանց Կլուգեն։
Փորձագետը բարձր է գնահատել տուբերկուլոզի հաղթահարման ոլորտում Հայաստանի ձեռբերումները` մասնավորապես հիվանդացության և մահացության շարունակաբար նվազող ցուցանիշները, դեղերի ժամանակին և անխափան տրամադրումը տուբերկուլոզով հիվանդներին, որակյալ լաբորատոր-ախտորոշիչ ենթակառուցվածքները, ինչպես նաև հակատուբերկուլոզային ծառայությունների ֆինանսավորման մեխանիզմների և կառուցվածքային բարեփոխումները:
«Նախարար Արմեն Մուրադյանի հետ հանդիպմանը մեր առաքելությունը նաև ներկայացրեց առաջիկա տարիներին տուբերկուլոզի դեմ պայքարի արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելուն ուղղված առաջարկներ` կոչ անելով միջազգային բոլոր գործընկերներին շարունակել բազմակողմանի աջակցություն ցուցաբերել ՀՀ կառավարությանը հանրային առողջության տեսանկյունից այդ կարևոր հիմնախնդրի հաղթահարման նպատակով»։
Տուբերկուլոզի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերած աջակցության գործում նա կարևորել է միջազգային կազմակերպությունների` «Գլոբալ» հիմնադրամի, «Բժիշկներ առանց սահմանների» և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության դերը:
ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանի ուղեկցությամբ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի առողջապահական համակարգի և հանրային առողջության վարչության տնօրեն Հանց Կլուգենը հուլիսի 24-ին մասնակցեց նաև «Հայկական հոգեբուժական ասոցիացիա»-ի գործադիր վարչության և խորհրդի համատեղ նիստին, որի ընթացքում քննարկվեցին մի շարք խնդիրներ, մշակվեցին ապագա համագործակցության հեռանկարները: