26/07/2014 13:23
«Պանիրն ու կաթնամթերքը կարող են Հայաստանի համար «սպիտակ ոսկի» դառնալ»
Կաթի արտադրությամբ պետք է զբաղվեն ոչ միայն տնային տնտեսությունները, այլև` խոշոր ձեռնարկությունները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ում հավաստմամբ՝ անասնապահության զարգացման համար Հայաստանն ունի բոլոր նախադրյալները:
«Պանիրն ու կաթնամթերքը կարող են Հայաստանի համար «սպիտակ ոսկի» դառնալ: Մեր երկրում կան պանրագործության համար եզակի աշխարհագրական պայմաններ»,-ասաց նա՝ նկատելով, որ Հայաստանը ունի բոլոր հնարավորությունները զբաղվելու անգամ շվեյցարական «Էմենթալ» պանրի արտադրությամբ:
Եթե Հայաստանում վերսկսեն «Էմենթալ» պանրի արտադրությունը, ապա, Ադիբեկյանի կարծիքով, հայկական արտադրանքը մրցունակ կլինի նաև եվրոպական շուկայում: Սոցիոլոգը վստահ է, որ հայերը ունակ են, ոչ միայն պանրի այս տեսականին արտադրել, այլև` վրացիներից ավելի լավ «Սուլուգունի» պատրաստել: Իսկ լուրջ հաջողությունների համար, Ադիբեկյանի խոսքով, պետք է պետական մոտեցում ցուցաբերել:
Ի դեպ՝ «Էմենթալ» պանրի մեկ կիլոգրամը Եվրոպայում արժե 50-60 դոլար: Բացի այդ, Եվրոպայում մեծ պահանջարկ ունեն նաև Հայաստանում արտադրվող մի քանի պանրի տեսակներ, ինչպիսիք են՝ «Լոռին», «Չանախը», «Չեչիլը» և հորած պանիրը, եթե իհարկե դրանք համապատասխանեն սահմանված չափորոշիչներին:
«Պետությունը պետք է խթանի պանրի արտադրությամբ զբաղվող ընկերություններին: Այսինքն՝ մատչելի վարկեր տրամադրի, որպեսզի մեր արտադրած պանիրը կարողանանք արտահանել: Իսկ արտահանման համար, պետք է նաև ընկերություններին համապատասխան սերտիֆիկատ տրամադրվի»,- ասաց նա՝ շարունակելով, որ ոլորտը զարգացնելու համար շատ կարևոր է պետության աջակցությունը:
Նրա համոզմամբ՝ պետք է պետությունը լիցենզավորի ու ապահովագրի գյուղատնտեսությունը:
«Հայկական պանիրն իր համային հատկանիշներով ոչ մի երկրի արտադրած պանրին չի զիջում, բայց այն աշխարհին չի ներկայացվում: Ժամանակն է ներկրող երկրից վերածվենք արտահանողի»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ պետությունը պետք է նաև միջամտի գյուղատնտեսական ապրանքների գների կարգավորմանը: