26/07/2014 11:08
Իսրայելը և «ՀԱՄԱՍ-ը» 12-ժամանոց հրադադար են հաստատել
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է Գազայի հատվածում 12-ժամանոց հրադադարի հաստատման մասին:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ, հրադադարը ուժի մեջ է մտել տեղական ժամանակով ժամը 7.00-ին:
Գազայի հատվածը վերահսկող «ՀԱՄԱՍ» իսլամիստական շարժումը իր համաձայնությունն է տվել 12-ժամանոց հրադադարին:
Միջազգային միջնորդների կարծիքով` 12-ժամանոց հրադադարը լավ նախադրյալներ կստեղծի 7 օրանոց հրադադարի հաստատման համար՝ մինչև Ռամադան սրբազան ամսի ավարտը:
Հիշեցնենք, որ Գազայի հատվածը վերահսկող պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը մի քանի օր շարունակ հրթիռակոծում է Իսրայելի քաղաքները, այդ թվում՝ Թել-Ավիվը, Երուսաղեմը, Խադերան:
Իսրայելի տարածքը հրթիռակոծությունից պաշտպանում է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգը: Համակարգը, որն առաջին անգամ սկսել է կիրառվել 2011-ից, հնարավորություն է տալիս 150 կմ շառավիղով պաշտպանել իսրայելական քաղաքները հրթիռակոծություններից: 2012թ.-ին «Երկաթե գմբեթը» կարողացել է խոցել պաղեստինցիների արձակած 421 հրթիռները:
Իսրայելական օդուժն էլ ի պատասխան «ՀԱՄԱՍ»-ի գործողությունների սկսել է խոցել Գազայի հատվածում գտնվող «ՀԱՄԱՍ-ի» և այլ իսլամիստական խմբավորումների ռազմական ենթակառուցվածքները:
Իսրայելական իշխանությունները Գազայում իրականացնում են «Protective Edge» գործողությունը, որի շրջանակներում հարձակման է ենթարկվել 550 թիրախ, այդ թվում 31 թունել և 60 հրթիռային համակարգ: