26/07/2014 12:09
Սեյրան Օհանյան. Անհրաժեշտ է ապահովել բարձր զգոնություն
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում նախօրեին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից Կոլեգիայի նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել են 2014 ուսումնական տարվա ձմեռային ուսումնական փուլում ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության, կարգապահության և մարտական հերթապահության իրականացման վիճակը, առկա խնդիրներն ու բարելավման ուղիները: Այս մասին հայտնում են ՊՆ հասարակայոնւթյան հետ կապերի վարչությունից:
Կոլեգիայի նիստին մասնակցել են ՀՀ նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր, զորամիավորումների հրամանատարներ և այլք: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության շրջանակում Կոլեգիայի նիստին ներկա էին նաև ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և ՊԲ բարձրաստիճան սպաներ:
ԶՈւ 2014 թվականի ձմեռային ուսումնական փուլի ամփոփիչ Կոլեգիայի նիստի մեկնարկից առաջ ուսումնական փուլի ընթացքում աչքի ընկած մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:
Կոլեգիայի նիստի բացման խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Անդրադառնալով տարածաշրջանային ներկայիս զարգացումներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ հատկապես նման իրավիճակում անհրաժեշտ է ապահովել բարձր զգոնություն, նվազագույն մակարդակի հասցնել բացթողումներն ու թերացումները:
Հաշվետու զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Տիրան Խաչատրյանը, ՀՀ ԶՈւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը և ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: Զեկույցներում ներկայացվել են ձմեռային ուսումնական փուլի ընթացքում իրականացված համաբանակային ստուգումների արդյունքները, մատնանշվել հայտնաբերված բացթողումները և ուսումնական փուլի ընթացքում առանձին ստորաբաժանումների արձանագրած հաջողությունները: Առանձնահատուկ շեշտադրումներ են կատարվել վերջին շրջանում գրանցված հրադադարի ռեժիմի խախտման և հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման, կանխարգելիչ միջոցառումների իրականացման և հակազդման գործում համապատասխան ստորաբաժանումների արագ և արդյունավետ աշխատանքի մասին:
Կոլեգիայի հերթական նիստը համընկել էր ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական գործընթացին և այն համատեղվել էր երիտասարդ սպաների համագումար-հավաքի հետ: Ըստ այդմ` նիստին առաջին անգամ ներկա էին նաև ռազմաուսումնական հաստատությունների 2014թ. շրջանավարտները: Այս տարի առաջին անգամ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների շարքերում են իգական սեռի երեք ներկայացուցիչներ: ՀՀ պաշտպանության նախարարը նիստի ընթացքում հատուկ շնորհակալություն է հայտնել նրանց յուրահատուկ խիզախում դրսևորելու և զինվորական մասնագիտություն ընտրելու համար: