28/07/2014 17:17
Քարվաճառում վնասազերծված Ադրբեջանի քաղաքացին հուղարկավորվեց ԼՂՀ տարածքում
Լեռնային Ղարաբաղի տարածքում հուղարկավորվել է ԼՂՀ Քարվաճառի ուղղությամբ դիվերսիայի փորձ արած Ադրբեջանի քաղաքացին, ում ինքնությունը պաշտոնապես պարզված չէ: Այս տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին.
«Լեռնային Ղարաբաղում մեր կազմակերպության պատվիրակները ներկա են գտնվել այդ միջոցառմանը: Մենք շաբաթ օրը եղել ենք այնտեղ ու ներկա ենք եղել հուղարկավորությանը, որը կատարվել է պատշաճ կերպով»,- ասաց Զառա Ամատունին:
Նշենք, որ ադրբեջանական խմբի մյուս երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասքերովի նկատմամբ հարուցվել է քրեական գործ:
Հիշեցնենք, որ խմբի անձը չպարզված Ադրբեջանի քաղաքացին, ԼՂՀ ոստիկանության հաղորդագրության համաձայն, հուլիսի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ և ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում` վնասազերծվել:
Նախորդող հրապարակում՝ Բաքուն դիմել է ԿԽՄԿ՝ Քարվաճառում ձերբակալված դիվերսանտի հարցով