28/07/2014 10:50
Գլխավոր դատախազությունը Սաակաշվիլիին հրավիրել է հարցաքննության
Վրաստանի գլխավոր դատախազությունը պահանջել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիից վերադառնալ Ուկրաինայից Թբիլիսի և ներկայանալ դատախազություն:
Lifenews.ru-ի փոխանցմամբ, համապատասխան ծանուցումը դատախազությունը ուղարկել է Սաակաշվիլիի մորը:
Դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ հարցաքննության չներկայանալու դեպքում նախկին նախագահի նկատմամբ կկիրառվեն օրենքով նախատեսված միջոցառումներ:
Մի քանի ամիս առաջ, Սաակաշվիլին արդեն հրավիրվել էր դատախազություն որպես վկա քրեական մի քանի գործերի շրջանակներում, այդ թվում 2005-ին՝ Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հետ կապված:
Վրաստանի դատախազությունն առաջիկայում կարող է նախկին նախագահ Սաակաշվիլիին միաժամանակ մի քանի մեղադրանք առաջադրել, որոնցում նա այժմ որպես վկա է ներգրավված: Խոսքը բյուջեի միջոցների յուրացումների, պետական ունեցվածքի վաճառքի և միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի բանկն արհեստականորեն սնանկացնելու փորձի մասին է: