28/07/2014 11:54
Ջիհադականները շարունակում են հարձակումը Սիրիայի հյուսիս-արևելքում
«Իրաքի և Լևանտի իսլամական պետության» մարտիկները շարունակում են լայնածավալ հարձակումը Սիրիայի կառավարական ուժերի դեմ՝ երկրի հյուսիս-արևելյան շրջաններում:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ, ռազմական գործողությունների հետևանքով երկու կողմերն են մեծ կորուստներ են կրում: Զոհերի թիվը անցնում է 100-ից:
Ջիհադականները այդ շրջանում գտնվող Ռաքքա քաղաքի մոտ ռազմակայան են գրավել: Կառավարական ուժերն էլ իրենց հերթին հայտարարում են, որ վերահսկողություն են հաստատել Շաար գազային հանքավայրի նկատմամբ:
Հիշեցնենք, որ «Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն» սունի իսլամիստական խմբավորումը հայտարարել է Իրաքի և Սիրիայի տարածքում իսլամական խալիֆայության ստեղծման մասին:
«Իրաքի և Լևանտի Իսլամական պետությունը» փոխում է իր անվանումը և այսուհետ կոչվելու է «Իսլամական պետություն» (Islamic state): Խմբավորման առաջնորդ և խալիֆ է հայտարարվել Աբու Բաքր ալ-Բաղդադին: Դեռևս 2011թ.-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը 10 միլիոն դոլար է խոստացել ալ-Բաղդադիի մասին ցանկացած տեղեկատվության համար, իսկ ԱՄՆ-ի իշխանությունները նրան ընդգրկել են ամենավտանգավոր ահաբեկիչների ցուցակի մեջ:
3 տարի շարունակ արյունալի քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Սիրիայում հունիսի 3-ին կայացած նախագահական ընտրություննեում վստահ հաղթանակ է տարել գործող նախագահ Բաշար Ասադը:
Սիրիայի այդ ընտրությունները տեղի են ունեցել քաղաքական նոր պայմաններում և բարեփոխված սահմանադրությամբ: Ասադը նախագահի պաշտոնում վերընտրվել է 2007թ.-ի հուլիսի 17-ի համաժողովրդական հանրաքվեի ընթացքում: Ասադի թեկնածության օգտին է քվեարկել ընտրություններին մասնակցած քաղաքացիների 97.62%: Բաշար Ասադը Սիրիան ղեկավարում է 2000թ.-ից, երբ մահացավ Սիրիայում 30 տարի իշխանության ղեկին գտնվող նրա հայրը՝ Հաֆեզ Ասադը:
2012 թ.-ի ընդունված նոր սահմանադրությամբ բարելավել է Սիրիայի քաղաքական համակարգը և այն դարձել է ավելի ճկուն ու ժողովրդավարական: Նախկինում նախագահը պետք է առաջադրվեր միայն «ԲԱԱՍ» իշխող կուսակցությունից և նախագահի թեկնածությունը պետք է հավանության արժանանար համաժողովրդական հանրաքվեի ընթացքում: Այժմ նախագահական լիազորությունները սահմանափակվում են 7 տարվա երկու ժամկետներով: