29/07/2014 14:09
Ալի Խամենեին իսլամական աշխարհին կոչ է արել զինել Պաղեստինի ժողովրդին
«Ողջ իսլամական աշխարհը պետք է օգնի Պաղեստինի ժողովրդի զինման գործին»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանի հոգևոր առաջնորդն այսօր Ռամազանի վերջին օրվա (Էյդ-է Ֆեթր) առթիվ ունեցած ելույթի ընթացքում, անդրադառնալով այս օրերին Գազայի հատվածում ընթացող իսրայելապաղեստինյան հակամարտությանը, մասնավորապես նշել է.
«Գազայի ժողովրդի պայքարը լավ դաս է բոլորի համար, և այդ պայքարող ժողովրդի ցուցաբերած դիմադրությունը վկայում է, որ նրանք Աստծո կամքով հաղթելու են թշնամուն»:
Ալի Խամենեին, անդրադառնալով պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը զինաթափելուն ուղղված Միացյալ Նահանգների մտադրությանը, հայտարարել է, որ ողջ աշխարհը, այդ թվում՝ իսլամական երկրները, պետք է օգնեն Պաղեստինի ժողովրդին զինելու գործին:
Հիշեցնենք, որ Արդաբիլ նահանգում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Սեյյեդ Հասան Ամելին, օրերս անդրադառնալով իսրայելապաղեստինյան հակամարտությանը, մասնավորապես նշել էր. «Պաղեստինյան աղետի հարցում իսլամին պատճառած ցավի հիմնական մեղավորն Իսրայելը չէ, այլ այն իսլամական երկրներն են, որոնք երկերեսանի քաղաքականություն են վարում և Իսրայելին գաղտնի աջակցում: Թուրքիան Իսրայելի ռազմական դաշնակիցն է. Իսրայելին ապահովում է ջրով և վերջինիս է տրամադրել Ինջերլիքի ռազմակայանը, իսկ ահա իսրայելական տանկերին վառելիքով ապահովում է Ադրբեջանի Հանրապետությունը, ավելին, Իսրայելի էներգետիկ պահանջարկի 40 տոկոսն է ապահովվում Բաքվի կողմից»: