29/07/2014 15:37
Լրագրողական պրոֆեսիոնալիզմը նոր սերնդի մոտ բարձր է. Արամ Աբրահամյան
Լրագրողական ուսուցումը Հայաստանում հիմա արդեն շատ ավելի մասնագիտացվել է, և որքան նկատելի է պրոֆեսիոնալիզմի մակարդակը նոր սերնդում ավելի բարձր է, այլ հարց է, որ խմբագիրները սխալ են կողմնորոշում նոր սերնդին: Այսօր հրավիրված մամլո ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ առավոտցիներն այս օրերին տոնում են օրաթերթի հիմնադրման 20-ամյակը։ Սա հիանալի առիթ էր, որպեսզի լրագրողները մեկ անգամ ևս անդրադառնային տպագիր մամուլի առջև ծառացած խնդիրներին: Ու թերև Առավոտ օրթերթն այն եզակի թերթերից մեկն է, որ կարողացել է այս տարիներին հաղթահարել բազմաթիվ դժվարություններ, լինել իր ընթերցողի հետ, կիսել նրա հույզերն ու հույսերը:
Ներկայացնելով թերթի պատմությունը՝ Աբրահամյանը նշեց, որ թերթն այդպես էլ կուսակցական չդարձավ. այսինքն՝ գրեց այն, ինչ կար և այն, ինչ ուզում էր:
«Իր գործունեության 20 տարիների ընթացքում թերթն ունեցել է մշակված ներքին կանոններ:1994 թվականին ենք սկսել լույս տեսնել, առաջին խմբագիրը գրող, բանաստեղծ Իգնատ Մամյանն էր, ես «Առավոտի» խմբագիր դարձա նույն տարվա դեկտեմբերից: Այդ ժամանակ հայտնի էին «Երկիր, «Ազգ», «Լրագիր», «Հայք» պարբերականները: Բացի «Լրագրից», մնացած թերթերը կուսակցական էին: Այդ ժամանակ լուրերով հետաքրքրվող քաղաքացին առնում էր բոլոր այս թերթերը, համեմատում իրար հետ ու անում իր եզրակացությունը: «Առավոտը» հենց այդ ժամանակից պետք է նոր խոսք ասեր՝ այսինքն լիներ ոչ կուսակցական: Այն չպետք է արտահայտեր որևէ խմբի կուսակցական շահերը, չնայած տնտեսական խմբի կողմից էր ստեղծվել: Թեև այն ստեղծվել էր Սուքիասյաններ ընտանիքի կողմից, սակայն այդ ընտանիքը բավական լիբերալ և շատերի պես չէին ասում` ինչ ուզում եք արեք, մենակ մեր բիզնեսին մի կպեք»,- նշեց գլխավոր խմբագիրը՝ ընդգծելով, որ այդ տարիների ընթացքում միշտ չի հաջողվել հետևել այդ կանոններին և բնականաբար եղել են որոշակի բացթողումներ.«Սակայն քիչ չեն նաև ձեռքբերումները»:
Նրա խոսքով՝ այսօր «Առավոտ» այն եզակի թերթերից մեկն է, որ կարողանում է անկողմնակալությունը պահպանել, որին զուգահեռ կարողանում է նաև պրոֆեսիոնալիզմ ցուցաբերել: «Ընթերցողների արձագանքները լինում են մեկնաբանությունների տեսքով, իսկ մեկնաբանություն գրողները հիմնականում գրում են ինչ-որ մեկին «քլնգելու» համար: Այսօր մեր թերթը մարդիկ ստանում են իրենց գրասենյակներում: Չեմ կարծում՝ ամբողջը կարդում են, բայց գիտեմ, որ «Առավոտը» միջից առանձնացնում և գոնե թերթում են: Մեզ կարդում են միջին և բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ: Իսկ Aravot.am կայքը տասն անգամ ավելի շատ են կարդում, բայց թերթը կարդում են քիչ թե շատ որոշում կայացնող մարդիկ: Նրանց շնորհիվ է թերթը գոյատևում, որովհետև նրանք նախընտրում են իրենց գովազդը թերթին տալ, ոչ թե կայքին»,-ընդգծեց նա։
Անդրադառնալով տպագիր մամուլի առջև ծառացած խոչընդոտներին՝ Արամ Աբրահամյանը շեշտեց, որ պետք էր ավելի վաղ հասկանալ, թե ինչ խոչընդոտներ կարող էին ի հայտ գալ. «Պետք էր հասկանալ, որ կայքերը, սոցիալական ցանցերը առաջանցիկ դեր են խաղալու: Եվ լավ կլիներ դա հասկանալ 5-7 տարի առաջ: Պարտադիր պետք էր համատեղել տպագիր մամուլը ինտերնետային մամուլի հետ: Պետք է տարանջատել, թե ինչ ես ուզում գրել թերթում և կայքում»,-հավելեց նա՝ շարունակելով, որ ոլորտում իդեալական կլինի ունենալ աշխատակազմ, որի մի մասը միայն կայքի, իսկ մյուս մասը միայն թերթի վրա է աշխատում:
Ինչ վերաբերում է տպագիր մամուլի առջև ծառացող ֆինանսական խնդրին՝ Աբրահամյանն ընդգծեց, որ դրանք ժամանակ առ ժամանակ ծագող խնդիրներ են. «Բնականաբար ժամանակ առ ժամանակ ֆինանսների խնդիր է առաջանում, բայց ես ինչ-որ մեկի նոքյարը չեմ պատրաստվում լինել: Եթե ինչ-որ մեկը խիստ խնդիր է դնում իմ առաջ՝ այս կամ այն բանը անել, ես նրան կասեմ հաջողություն: Ես երբեք չեմ փորձում մարդկանց ջախջախել ու նրանց մոտ վախ առաջացնել։ Ուզում եմ հավատալ, որ ոչ թե վախից են դա անում, այլ պարզապես պրոբլեմին ավելի խորը ծանոթանալու համար»: