29/07/2014 18:23
Բակո Սահակյան. ՌԴ-ում հայ համայնքի դերն Արցախի զարգացման գործում մեծ է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Մոսկվայի հայ երիտասարդական միության մի խումբ անդամների՝ կազմակերպության ղեկավար Անդրանիկ Հովսեփյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանն արծարծվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին և Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Ռուսաստանի հայ համայնքի դերն Արցախի զարգացման գործում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով երիտասարդության հայեցի դաստիարակությանը և պատմական Հայրենիքի հետ կապերի ամրապնդմանը:
Այս համատեքստում Բակո Սահակյանը կարևորել է Մոսկվայի հայ երիտասարդական միության աշխատանքը՝ հավելելով, որ կազմակերպությունը պետք է խորացնի իր կապերը Արցախի հետ: