29/07/2014 17:13
Հարավային Կովկասում Հայաստանը մնում է Իրանի ամենավստահելի գործընկերը
Հայ-իրանական հարաբերությունները ՀՀ-ի անկախությունից հետո դինամիկ կերպով զարգացել են թե տնտեսական ոլորտում՝ 2013թ.-ին ապրանքաշրջանառությունը հասել է շուրջ 340 միլիոն դոլարի և առկա է քաղաքական կամքը այն հասցնել 1 միլիարդ դոլարի, թե քաղաքական առումով՝ նախագահների, նախարարների մակարդակով բազմաթիվ այցեր են տեղի ունեցել:
Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին հայտարարել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին մտադիր է այցելել Հայաստան՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև` տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր:
Դեսպանը նշել է, որ Ռոհանիի զբաղված գրաֆիկի պատճառով դեռևս հստակ չի այցելության կոնկրետ ամսաթիվը, սակայն այցելությունը կայանալու է:
Հայաստանը Իրանի համար Հարավային Կովկասի տարածաշրջանում ամենավստահելի գործընկերն է և երկկողմ հարաբերությունները թե' Երևանում, թե' Թեհրանում գնահատվում են որպես ռազմավարական: Իրան-Ադրբեջան անընդհատ լարվող հարաբերությունների ֆոնին Հայաստան-Իրան հարաբերություններում առկա է փոխադարձ վստահություն բարձր մակարդակ:
Երկրների միջև իրականացվել են մի շարք նախագծեր՝ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցում, իրականացման փուլում են Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդակցման գծի շինարարությունը: Երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում նաև Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունը, ինչը Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր իրավիճակ կստեղծի:
Դեսպան Ռեիսին, անդրադառնալով Հայաստան-Իրան երկաթգծի շինարարության հարցին, նշել էր, որ այդ հարցը պետք է ընդգրկվի հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի օրակարգում: Իրանական կողմը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ իրենք անմիջապես պատրաստ են սկսել իրենց տարածքում երկագծի շինարարությունը և երկաթգիծը հասցնել մինչև Մեղրի, երբ շինարարական աշխատանքները մեկնարկեն Հայաստանի տարածքում:
Հայաստանի համար Իրանն այն հարավային դարպասն է, կյանքի ճանապարհը, որի ակտուալությունը հատկապես մեծ էր ղարաբաղյան պատերազմի օրերին: Իրանի բազմամիլիոնանոց շուկայում հայկական արտադրանքը կարող է իր ուրույն տեղը գտնել` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Արևմուտք-Իրան հարաբերություններում վերջերս որոշակի ջերմացում է նկատվում և Իրանից մի շարք պատժամիջոցներ են հանվում:
Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության շնորհիվ Հայաստանը ելք կունենա Իրանի տարածքով դեպի Պարսից ծոց և Կասպից ծով, ինչը շատ կարևոր հանգամանք է Հայաստանի տրանսպորտային ոլորտի դիվերսիֆիկացիայի առումով:
Իրանի համար Հայաստանը կդառնա այն հյուսիսային պատուհանը, որի շնորհիվ իրանական ապրանքները ելք կունենան դեպի վրացական սևծովյան Փոթի և Բաթում նավահանգիստներ:
Հայաստանը երկաթծի շնորհիվ կդառնա Հարավային Կովկասում տարանցիկ կարևոր միջանցք: Այս պահին շինարարության ակտիվ փուլում է գտնվում Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքը, ինչը Մեղրին միջազգային նորմերին համապատասխանող մայրուղով կկապի Վրաստանի հետ:
Իրանի դեսպանը վերջերս հայտարարել էր, որ ինքը գոհ չէ երկու երկրների միջև գոյություն ունեցող ապրանքաշրջանառության ցուցանիշներից. ապրանքաշրջանառությունը պետք է նվազագույնը 3 անգամ ավելի լիներ:
Դեսպանը կարծիք էր հայտնել, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո նոր հնարավորություններ են ընձեռվում և պետք է ազատվել առևտրի ոլորտում գոյություն ունեցող խոչընդոտներից, ինչպես, օրինակ, անհրաժեշտ է ընդունելի սակագներ հաստատել, հարկավոր է ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր ստորագրել:
Չմոռանանք, որ տարածաշրջանը արագ փոփոխության է ենթարկվում և Իրանը փորձում է ապահովագրել իրեն և հավասարակշռելով իր հարաբերությունները բոլոր երկրների հետ` զարգացնում է կապերը նաև Թուրքիայի հետ:
Թուրքիան և Իրանը վերջին շրջանում երկկողմ հարաբերություններում շեշտը դնում են հատկապես տնտեսական, էներգետիկ համագործակցության վրա:
Այս տարվա հունվարին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելել էր Թեհրան և հանդիպումներ ունեցել իրանական ղեկավարության հետ: Պետք է նշել, որ Իրանը ապահովում է Թուրքիայի նավթային պահանջարկի 30%-ը՝ տարեկան Իրանից Թուրքիա է արտահանվում 8 միլիոն տոննա նավթ, ինչպես նաև իրանական գազը ապահովում է թուրքական ներքին պահանջարկի ¼-րդը՝ տարեկան 10 միլիարդ խմ գազ:
Երկկողմ ապրանքաշրջանառությունը հասնում է 13.5 միլիարդ դոլարի և առկա է քաղաքական կամքը այն կրկնապատկելու: Թուրքիայում Իրանի դեսպան Ալի Ռզա Բիկդելին նշել է, որ մոտակա ժամանակներս թուրք-իրանական ապրանքաշրջանառությունը պետք է հասցնել 35 միլիարդ դոլարի:
Այսպիսով, Հասան Ռոհանիի այցը Հայաստան տեղի է ունենալու տարածաշրջանում կարևորագույն զարգացումների ֆոնին՝պայմանավորված Հայաստանի եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշման հետ, ինչը Իրանի սահմանների մոտ նոր աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծում: Հայաստանը կարող է վերածվել նաև Ռուսաստան-Իրան ռազմավարական առանցքի ձևավորման կարևորագույն օղակներից մեկի: