29/07/2014 12:59
«Արամ Մանուկյանի տնից չորս պատ է մնացել»
Հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի բնակարանում ծառեր են աճել, անգամ հասել են երկրորդ հարկ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատմական գիտությունների թեկնածու, «Արամ Մանուկյան» մենագրության հեղինակ Արմեն Ասրյանը՝ անդրադառնալով Արամ Մանուկյանի բնակարանի պահպանության խնդրին ու տուն-թանգարանի ստեղծման վերաբերյալ առաջարկին:
Ասուլիսին մասնակից պատմաբան Տիգրան Պետրոսյանցն էլ հավելեց, որ Արամ Մանուկյանի տնից միայն չորս պատ է մնացել, այն փլուզման եզրին է:
«Մենք փորձում ենք անել այն, ինչ պիտի աներ պետությունը: Եթե անգամ մի կողմ դնենք թանգարանի գաղափարը, ապա պետությունը գոնե պետք է պահպաներ տունը, որտեղ ապրել է Արամ Մանուկյանը»,- ասաց Տիգրան Պետրոսյանցը:
Բանախոսները նշեցին, որ նախկինում մի քանի անգամ դիմել են իշխանությություններին՝ տուն-թանգարան ստեղծելու հարցով, սակայն բացասական պատասխան են ստացել:
«Պատասխանը եղել է այն, որ այդ շենքը, որի տարածքի սեփակաանտերը «Գլենդել Հիլզ» ընկերությունն է, ընդգրկված է «Հին Երևան» ծրագրի մեջ»,- ասաց Ասրյանը: Պետրոսյանցն էլ ավելացրեց, որ վերջերս տեղեկացել է, որ ընկերությունն այդ տարածքը հանել է վաճառքի:
Բանախոսները նշեցին նաև, որ Արամ Մանուկյանի 135-ամյակի առթիվ կրկին դիմելու են իշխանություններին, այս անգամ նաև Արամ Մանուկյանի արձանը տեղադրելու հարցով: