29/07/2014 16:20
«…դե մեռի պրծնեմ…». Կինը խոհանոցային դանակով սպանել է ամուսնուն
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 9 տարվա ազատազրկման է դատապարտել փաստական ամուսնական կապի մեջ գտնվող ամուսնուն սպանելու մեջ մեղադրվող կնոջը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ 39-ամյա Էլմիրա Պողոսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2010թ. հունվարի 10-ին ժամը 20:00-ից 21:00-ի սահմաններում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող ժամանակավոր կացարանում, փաստական ամուսնական կապի մեջ գտնվող Ֆիրդուս Գասպարյանի հետ կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով , խոհանոցային դանակով դիտավորությամբ հարվածել է վերջինիս կրծքավանդակին և սպանել նրան:
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Էլմիրա Պողոսյանն իրեն մեղավոր է ճանաչել լիովին և ցուցմունք է տվել, որ շուրջ 7 տարի փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել Ֆիրդուս Գասպարյանի հետ: Վերջին շրջանում միասին բնակվել են Կոտայքի մարզի Առինջ գյուղի ավտոճանապարհի աջ մասում կառուցված ժամանակավոր կացարանում: Ինքն ու ամուսինը ցերեկները զբաղվել են մուրացկանությամբ, իսկ երեկոյան իրենց վաստակած գումարով ուտելիք ու խմիչք են գնել և զբաղվել հարբեցողությամբ: Դեպքից 4-5 օր առաջ, երեկոյան, մուրացկանություն անելուց հետո վերադարձել է տուն` հետը բերելով օղի և ուտելիք: Ամուսնու հետ միասին օղի են խմել, որից հետո, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վերջինս զայրացել է իր վրա, անպատվել ու վիրավորել իրեն, ասելով «ուր էիր գնացել ու որտեղ էիր քարշ գալիս» և այդ ասելով ոտքով հարվածել է իր ազդրին:
Դրանից զայրացած, ինքը կաթսայով հարվածել է ամուսնու ճակատին, որից արյուն է հոսել:
Քիչ հետո ինքը վիրակապել է ամուսնու ճակատը, հաշտվել են իրար հետ և մի քանի օր շարունակ կերակրել ու խնամել է նրան: 2010թ. հունվարի 10-ին, երեկոյան, ժամը 20-ի սահմաններում, մուրացկանություն անելուց հետո, երբ ինքը սովորականի պես հետն օղի և ուտելիք է բերել տուն, ամուսնու հետ միասին ընթրել ու օղի են խմել, ամուսինը հարբած վիճակում նորից սկսել է վիրավորել, հայհոյել իրեն և իր մոր հասցեին տվել է հայհոյանքներ: Ինքն ամուսնու վիրավորանքներից զայրացած, նրա կյանքին վերջ տալու նպատակով, այդ վիրավորանքներից ազատվելու համար, այդ պահին ձեռքում եղած խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակին, ասելով «…դե մեռի պրծնեմ…»:
Հարվածից հետո, երբ ամուսինն ընկել է անկողնու վրա ու անշարժացել, ինքը հասկանալով, որ նա մահացել է, պառկել է նույն անկողնու վրա ու քնել մինչև լուսաբաց: Հաջորդ օրը` 11.01.2010թ. ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ երբ մի քանի ժամ բացակայելուց հետո տուն է վերադարձել, տեսել է, որ ամուսինը մահացած է:
Է. Պողոսյանը հայտնեց նաև, որ հետագայում խոստովանել է, որ Ֆիրդուս Գասպարյանին ինքն է սպանել և անկեղծորեն զղջում է կատարածի համար:
Ըստ դատահոգեբուժական և հոգեբանական համալիր փորձաքննության թիվ 23 եզրակացության` Էլմիրա Պողոսյանի մոտ հայտնաբերվել է «Անձի օրգանական խանգարում /մանկական ցերեբրալ պարալիչ/ աֆեկտիվ անկայունությամբ»: Իրավախախտումը կատարելիս չի գտնվել հոգեկան գործունեության որևէ ժամանակավոր խանգարված վիճակում, որը կարող էր զրկել նրան իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու և դրանք ղեկավարելու հնարավորությունից, այլ գտնվել է ալկոհոլային հարբածության վիճակում, ուստի մեղսագրվող արարքի նկատմամբ Էլմիրա Պողոսյանին հարկ է ճանաչել սահմանափակ մեղսունակ:
Դատավճռով Էլմիրա Պողոսյանի նկատմամբ սահմանվել է նյարդահոգեբույժի հսկողություն: