29/07/2014 15:26
«Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ կատարվածը կենցաղային հողի վրա էր»
Հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցու վրա հարձակումը, վերջին տեղեկություններով, խուլիգանություն չէի անվանի, բայց այն տեղի է ունեցել իրար չհասկանալու պատճառով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց փորձագետ Ջոնի Մելիքյանը:
Նրա խոսքով՝ թեև եկեղեցում կատարված դեպքերի հետ չի կապում սա, բայց վերջին 20 տարվա ընթացքում հակահայկական տրամադրվածություն կա Վրաստանում, և ժամանակ առ ժամանակ վրացական որոշ ուժեր օգտագործում են Վրաստանում հայկական համայնքի գործոնը, իսկ հատուկ տեղեկատվական քաղաքականության միջոցով անհրաժեշտություն չլինելու դեպքում վրացական ԶԼՄ-ներում հակահայկական հրապարակումների թիվը նվազում է:
Ասուլիսի ընթացքում տեսազանգով միացել էին նաև Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Գեորգի Գվիմրաձեն:
«Նախնական գնահատականը կոնֆլիկտին եղել է այն, որ եղել է կենցաղային մակարդակի կոնֆլիկտ: Գլխավորն այն է, թե կա՞ն պատճառներ, որ մենք անհանգստանանք, թե ի՞նչ մթնոլորտ է այժմ տիրում Վրաստանում: Ես չէի տարանջատի հայկական էթնիկական խումբը, քանի որ կան վրացական խմբեր, ովքեր ունեն ծայրահեղական տրամադրություններ, և նրանց համար անընդունելի է բնակչության մի մասը, այդ թվում և հայերը»,-ասաց Գ. Գվիմրաձեն:
Ասուլիսի մյուս բանախոս, քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի խոսքով՝ ինքը վստահ է, որ նշված դեպքը կանխամտածված չի եղել, այն ունեցել է կենցաղային հիմք, սակայն կոնֆլիկտի ընթացքում և հետագայում մեկնաբանվել է որպես էթիկական կոնֆլիկտ:
«Ես չեմ կարծում, որ սա բացասաբար կանդրադառնա հայ-վրացական հարաբերությունների ողջ ֆոնի վրա»,-ասաց Ս. Մինասյանը և նշեց, որ Վրաստանի նման երկրում, որտեղ ապրում են այդ թվով էթնիկ փոքրամասնություններ, հանդուրժողականության խնդիրը բնական է:
Նախորդող հրապարակում՝ Վրաստանի ՆԳՆ. եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը էթնիկ բնույթ չէր կրում