29/07/2014 10:40
Ոստիկանապետի տեղակալի ճակատագիրն անորոշ է մնում. «Հայկական ժամանակ»
Հայաստանի քննչական կոմիտեի ձևավորման համատեքստում առայժմ անորոշ է մնում ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ, հանրահայտ Գագիկ Համբարձումյանի հետագա ճակատագիրը. գրել է «Հայկական ժամանակը»:
«Բանն այն է, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը լուծարվելու է, և ողջ քննչական ապարատը տեղափոխվելու է Քննչական կոմիտե, այսինքն` Աղվան Հովսեփյանի ղեկավարության ներքո: Որպեսզի Համբարձումյանը աշխատի Քննչական կոմիտեում, պետք է հրաժարվի ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից, իսկ եթե չաշխատի Քննչական կոմիտեում, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը դժվար թե կարողանա պահպանել, որովհետև նրա համակարգած քննչական հատվածը ամբողջությամբ դուրս է գալիս ոստիկանության ենթակայությունից:
Գագիկ Համբարձումյանը անգործ չի մնա, հասկանալի է: Առայժմ հայտնի չէ, թե որտեղ նա կնշանակվի: Տարբերակները հետևյալն են. Քննչական կոմիտեի պետի տեղակալ, Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ, այլ պաշտոն ոստիկանական համակարգում»,-հավելել է թերթը: