29/07/2014 12:47
Այսօր Կոնստանտին Օրբելյանի ծննդյան օրն է
Հայ կոմպոզիտոր, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928թ. հուլիսի 29-ին Արմավիր քաղաքում: Երաժշտական ունակություններն ի հայտ են եկել դեռ մանուկ հասակում: Շնորհալի փոքրիկին ծնողներն ուղարկել են Բաքվի կոնսերվատորիային կից տաղանդավոր երեխաների համար նախատեսված երաժշտական հատուկ դպրոցը: Դժբախտաբար, նա շատ քիչ է սովորել այնտեղ: Օրբելյանի ծնողները դարձել են ստալինյան արյունալի բռնությունների զոհը: Հորը ձերբակալել են 1936թ., ապա գնդակահարել, իսկ մորը 2 տարի անց ձերբակալել են, ապա ուղարկել ստալինյան ճամբար: Կոնստանտինին հեռացրել են դպրոցից, և եղբայրները մեծ քաղաքից տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի փոքրիկ գյուղերից մեկը:
1942թ. ավիացիոն կորպուսի ջազային խմբում Կոնստանտինին աշխատանքի են ընդունել որպես դաշնակահար: Որոշ ժամանակ անց պատանին ռազմական նվագախմբի հետ միասին համերգներով սկսել է հադես գալ Երևանում: Հայաստանի ջազ երաժիշտներն իրենց համար նոր տաղանդ են բացահայտում այդ համերգների ժամանակ և տղային հրավիրում նվագելու Հայաստանի էստրադային նվագախմբում: Այդ ժամանակ էլ դրվում է Օրբելյան արտիստի ստեղծագործական փայլուն կարիերայի ամուր հիմքը:
1945թ.-ից Օրբելյանն ուժերը փորձում է նաև երգահանության ասպարեզում և բավական լուրջ հաջողություններ է գրանցում: Նվագախմբի համար վերամշակում էր ժողովրդական երգերը, ինչպես նաև ստեղծում նոր մեղեդիներ: Առաջին գործերից է «Օրորոցայինը»:
Հայազգի մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի արվեստը Օրբելյանի համար ուղեցույց է դարձել դեպի երաժշտական մեծ աշխարհ: 1952թ. Օրբելյանը հեռացել է էստրադային նվագախմբից և ընդունվել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, այնուհետև՝ Երևանի պետական կոնսերվատորիա:
1955թ. հայ կոմպոզիտորը փորձել է ուժերը մեկ այլ ասպարեզում` գրելով «Սիրտը երգում է» ֆիլմի երաժշտությունը, որը մեծ հաջողություն է ունեցել: 1956թ. Օրբելյանը հրավիրվում է ղեկավարելու Հայաստանի էստրադային նվագախումբը: Երկար մտածելուց հետո համաձայնում է` դառնալով խմբի դիրիժորը և գեղարվեստական ղեկավարը:
1957թ. Օրբելյանը դարձել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ: 1962թ. Մոսկվայում անցկացվող «ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորներ» մրցույթի հաղթող ճանաչվել է Օրբելյանը:
1969թ. գրել է «Անմահություն» բալետը: Օրբելյանի ղեկավարած նվագախումբը համարվում էր լավագույնը Եվրոպայում և առաջինն էր հայտնիների շարքում, որ համերգներով հանդես է եկել ջազի հայրենիք ԱՄՆ-ի ավելի քան 25 խոշոր քաղաքներում: Նրա հայտնի երգերը բազմաթիվ կատարողների ներկայացմամբ արժանացել են մի շարք մրցանակների` «Երգել նշանակում է ապրել», «100 երջանիկ ժամեր», «Շնորհակալություն կյանքին», «Սերը չի ծերանում», «Դու այն չես, ով պետք է ինձ», «Հիշեք» և այլն:
1979թ. ԽՍՀՄ երաժշտական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար Օրբելյանին շնորհվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում: 1992թ. Օրբելյանը մեկնել է ԱՄՆ և բնակություն հաստատել այնտեղ:
Մահացել է 2014թ. ապրիլի 24-ին Լոս Անջելես քաղաքում, որտեղ ապրում և ստեղծագործում էր վերջին տարիներին: