29/07/2014 14:50
Հանձնարարվել է մայրաքաղաքում ակտիվացնել կանաչապատման աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում շարունակվում են փողոցների, բակային տարածքների և մայթերի հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքները: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ակտիվացնել ասֆալտապատման աշխատանքները՝ հսկողություն սահմանելով պատշաճ որակի ապահովման նկատմամբ:
Անդրադառնալով ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին` առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ իրականացված հսկողության շնորհիվ նախորդ շաբաթ հայտնաբերված 9 դեպքի մասով կազմվել են վարչական արձանագրություններ: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խստացնել այս ուղղությամբ աշխատանքներն ու բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու նպատակով շուրջօրյա հսկողություն իրականացնել:
Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների մասով զեկուցվել է, որ շարունակվում են ծաղիկների համալրման, ծառերի բուժման, խոտհնձնի, ինչպես նաև ոռոգման աշխատանքները: Նշվել է նաև, որ վարչական շրջաններում ոռոգումը կազմակերպվում է ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին: Քաղաքապետը հանձնարարել է առավել ակտիվացնել կանաչապատման ու ծաղկապատման ուղղությամբ տարվող աշխատանքները.
«Կանաչապատման գործընթացը պահանջում է մշտական հետևողականություն և խնամք, հետևաբար հսկողությունն այս ուղղությամբ ևս պետք է լինի անընդհատ: Այս տարի մենք ավելի քան 20 կմ ընդլայնեցինք ոռոգման ցանցը: Սա կարևոր ձեռքբերում է կանաչապատման աշխատանքների կազմակերպման տեսանկյունից և, ըստ այդմ, ենթադրվում է, որ մեծ ուշադրություն պետք է հատկացվի կանաչ տարածքների, մասնավորապես, սիզամարգերի ստեղծմանն ու պահպանմանը: Իրականացված աշխատանքներն առայժմ գոհացուցիչ չեն, և ցանկալի արդյունքի հասնելու համար եղեք ավելի խիստ և պահանջկոտ: Կանաչապատման ընկերությունների ղեկավարներից բացի, վարչական շրջանների պատասխանատուները նույնպես անելիքներ ունեն այս հարցում: Անձամբ պետք է լինել տեղերում և հետևել, թե ինչպես են կազմակերպվում աշխատանքները», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվող հեռախոսազանգերի և դրանց տրվող պատասխանների հետ կապված՝ վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ ստացվել է, համապատասխանաբար, 179 և 100 հեռախոսազանգ: Ընդհանուր առմամբ լուծում է ստացել 201 հարց, մյուս հարցերն էլ ընթացքի մեջ են: