30/07/2014 14:50
Մանկատան սաներն ապրում են անմարդկային պայմաններում. Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բաշխյանը մանկատան սաներին հատկացված հանրակացարանի հարցով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
«Հարգելի պարոն Մարգարյան,
Ս.թ. հուլիսի 29-ին լրատվությամբ տարածվել է մի քանի տեսանյութ, որտեղ նկարագրվում են լամպերի գործարանի հանրակացարանում ապրող մանկատների նախկին շրջանավարտների ստացած իբրև թե «բնակարաններում» առկա անմարդկային ու ահավոր պայմանները։
Իհարկե այս փաստն արձանագրվել է Վերահսկիչ պալատի 2008 թվականի տարեկան զեկույցում, բայց դրանից ոչինչ ի փոխվել, այն պաշտոնյաները, ովքեր բառի բուն իմաստով լափել են մանկատան շրջանավարտների համար բնակարան հատկացնելու ծրագրով նախատեսված պետական և կարծեմ նաև միջազգային վարկային գումարները, կարող է այս պահին շարունակում են աշխատել սոցապ նախարարությունում:
Այսինքն՝ որևէ պաշտոնյա պատասխանատվություն չի կրել այդ գողության համար: Ինչևէ, խնդիրն հիմա նրանում է, որ պետք է քայլեր ձեռնարկել այս մարդկանց վիճակը մի փոքր բարելավելու ուղղությամբ: Նրանք նույնպես երևանցիներ են և Ձեր ընտրողները:
Խնդրում ու հավատում եմ, որ Դուք անպայման կարձագանքեք և անհրաժեշտ միջոցները կձեռնարկեք նրանց կենցաղը բարելավելու համար»,- ասված է Բախշյանի դիմումում: