30/07/2014 13:19
Աշոտ Մանուչարյան. Մեզ նոր ընդվզում է պետք, պիտի ոտքի կանգնենք
Ժողովուրդները պետք է վերահսկողությունը վերցնեն իրենց ձեռքը և սրա օրինակը Հայաստանն ունեցել է 1988 թվականին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
«Ուկրաինան նման փորձ արեց վերջերս, սակայն կոպիտ սխալ թույլ տվեց, քանի որ ժողովրդի մի մասն արդյունքում ընդվզեց»,- ասաց Աշոտ Մանուչարյանն՝ ընդգծելով, որ գնալով վատանում է ամբողջ մոլորակի վիճակն ու ճգնաժամը խորանում է:
«Սա՝ մի կողմից կապված է առճակատումների հետ Ուկրաինայի տարածքում, մյուս կողմից աշխարհակարգը փոխելու՝ ուժերի կոնսոլիդացիա է գնում՝ ֆինանսատնտեսական հարթության վրա: Արդյունքում այս ամենը կհանգեցնի կամ ամբողջ աշխարհակարգի վախճանին, կամ էլ՝ նորի ծնունդին»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:
Անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամը նշեց, որ մեզ նոր ընդվզում է պետք.
«Ազատամարտիկներն այսօր ճիշտ են ասում՝ մենք պետք է ոտքի կանգնենք: Իշխանություններին պարտադրանքի համակարգ է պետք: Մենք ունենք աշխարհում սփռված հայություն և սա մեծ գանձ է: Երբ հայությունը կարողանա ամբողջանալ, հզոր ուժ կդառնա»,- ասաց Աշոտ Մանուչարյանը: