30/07/2014 13:03
Շշալցված ջուրը համարվում է նվազ ռիսկային, ստուգվում է 5 տարին մեկ անգամ
«Ապարան» ջրի մեջ լաբորատոր ստուգումների ժամանակ որևէ շեղում չենք հայտնաբերել»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանը:
Նա նաև փոխանցեց, որ ռուսական ԶԼՄ-ներից ստացված տեղեկությունից հետո «Ապարան» ջրի արտադրանքը ենթարկվել է լաբորատոր փորձաքննության, իսկ ընդհարապես շշալցված ջուրը համարվում է նվազ ռիսկային և ստուգվում է 5 տարին մեկ անգամ:
Դ. Ղուլյանը նաև փոխանցեց, որ «Ապարան» ջրի վերաբերյալ նման հայտարարությամբ հանդես է եկել ոչ թե ռուսական որևէ պետական կառույց, այս դեպքում` Ռոսպետնադզորը, այլ` ՀԿ, որը ուսումնասիրություն էր կատարել շուկայում:
Նա նաև նշեց, որ ՌԴ լիազոր մարմինը նման երևույթներին խիստ է վերաբերում` կարձագանքեր:
Հարցին, թե հնարավոր չէ՞ որևէ խմբաքանակում, խախտելով պահպանման ժամկետները շեղումներ լինեին, Դավիթ Ղուլյանը պատասխասեց, որ շշալցված խմելու ջրի պիտակների վրա գրված է պահպանման ժամկետները, ջերմաստիճանը, որոնք չպահպանելու դեպքում չի բացառվում շեղումներ:
ՍԱՊԾ-ն ընդհանրապես զբաղվում է շշալցված ջրերի լաբորատոր ստուգումների խնդրով, սակայն առ այսօր որևէ լաբորատոր ստուգում որևէ շեղում որևէ շշալցված ջրում չի հայտնաբերել:
Aysor.am-ի հետ զրույցում Իրազեկ և պաշտպանված սպառող ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ նախ պետք է հասկանալ, որն է ռուսական բարձր դասի ջրի նորմերը և արդյոք այդ նորմերը համապատասխանում են ՀՀ-ում ընդունված նորմերին:
Նա չբացառեց, որ նիտարտների և միկրոօրգանզիմների այդ քանակությունը ՀՀ-ում համարվում է անվտանգ, իսկ ՌԴ-ում պարզապես չի համապատասխանում բարձր դասի ջրի կարգավիճակին:
Բ. Պիպոյանը փոխանցեց, որ նախ պետք է Սննդի անվտանգության պետական ծառայությունը շշալցված ջուր արտահանողներին խորհրդատվություն տրամադրեր դրա վերաբերյալ ու տար համապատասխան սերտիֆիկատ:
ՌԴ-ում տարբեր սննդամթերքների վերաբերյալ, Պիպոյանի խոսքով, գործում է առաջին դաս, բարձր դասի և այլ հասկացություններ, ըստ որի, այս կամ այն սննդամթերքը ստուգվում է և իրացվում. «ՀՀ-ում նման տարաբաժանում դեռևս չկա»:
ՀԿ-ի ղեկավարը նաև գտնում է, որ ՍԱՊԾ-ն պետք է դիմեր ՌԴ լիազոր մարմնին, այս դեպքում` Ռոսպետնադզորին, փոխանցելով, որ ՀԿ-ն զբաղված է մեր ապրանքը հակագովազդելով, խնդրում ենք ձեր դիրքորոշումը: