30/07/2014 15:40
Դավիթ Խաչատրյանը կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանը կտեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դ. Խաչատրյանի եղբայր Վարդան Խաչատրյանը:
«Դավիթը վերջին շրջանում ցավեր ուներ, չէր կարողանում առանց սրսկվելու քնել, հնարավոր է, որ ողնաշարի կիստա ունի, բայց դեռևս պարզ չէ, նա դեռևս պետք է բժշկական հետազոտության ենթարկվի և որոշվի վիրահատության օրը»,- ասաց Վ. Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ զինծառայող Լյուքս Ստեփանյանը սպանվել է 2013թ.-ի մայիսի 15-ին՝ Նոյեմբերյանի N զորամասում՝ ծառայակցի արձակած գնդակից: Միջադեպի ժամանակ ծանր հրազենային վնասվածք է ստացել նաև Հրաչյա Սարգսյանը:
Ըստ Դ. Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, հանդիսանալով ՀՀ Պն թիվ 27229 զորամասի զինծառայող, 2013թ. մայիսի 15-ին ընդգրկված լինելով զորամասի պահակախմբի վերակարգում և ժամը 15:00-ից 15:30-ը ծառայություն իրականացնելով պահակակետի մուտքի դռան մոտ` որպես ժամապահ, պահակատան տարածքում տեղակայված ամառային տաղավարում գտնվող հանգստացող հերթափոխի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի կողմից իր հասցեին պարբերաբար հնչեցրած հայհոյանքներին ու վիրավորական արտահայտություններին ի պատասխան բացել է իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգի ապահովիչը, լիցքավորել, դրել մենահատ կրակ իռեժիմի վրա, ինքնաձիքի փողն ուղղել տաղավարի ուղղությամբ, ապա Լյուքս Ստեփանյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցրած հայհոյանքից ամիջապես հետո, երեք այլ զինծառայողների հետ ոչ մեծ բացօթյա տաղավարում գտնվող Լյուքս Ստեփանյանին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով` անտեսելով այլ, տվյալ դեպքում իր երեք համածառայողների կյանքին սպառնացող ռեալ վտանգը, մեկ հատ մենահատ կրակոց է արձակել Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային մարմնական վնասվածք, որով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս է պատճառվել է նրա առողջությանը:
Նախորդող հրապարակում՝ Լյուքս Ստեփանյանի մահվան գործով դատապարտվածին, հնարավոր է, վիրահատեն
Լյուքս Ստեփանյանի գործով ամբաստանյալը դատապարտվեց 17 տարվա ազատազրկման
Լյուքս Ստեփանյանի մահվան գործով դատավճիռը կայացվել է դատավարությունից առաջ