30/07/2014 12:27
Գազայում ՄԱԿ-ի դպրոցի հրթիռակոծության հետևանքով զոհվել է 15 մարդ
Գազայի հատվածում ՄԱԿ-ի դպրոցի հրթիռակոծության հետևանքով զոհվել է 15 մարդ, ևս 70-ը վիրավորվել է:
BBC-ի փոխանցմամբ, դպրոցում գտնվում էր ավելի քան 3.000 մարդ, ովքեր պատսպարվել էին Իսրայելի հրթիռակոծություններից:
Կրակը դպրոցի ուղղությամբ բացվել էր իսրայելական տանկերից` առանց որևէ նախազգուշացման:
Հիշեցնենք, որ Գազայի հատվածը վերահսկող պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը մի քանի օր շարունակ հրթիռակոծում է Իսրայելի քաղաքները, այդ թվում՝ Թել-Ավիվը, Երուսաղեմը, Խադերան:
Իսրայելի տարածքը հրթիռակոծությունից պաշտպանում է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարը: Համակարգը, որն առաջին անգամ սկսել է կիրառվել 2011թ.-ից, հնարավորություն է տալիս 150 կմ շառավիղով պաշտպանել իսրայելական քաղաքները հրթիռակոծություններից:
Իսրայելական օդուժն էլ ի պատասխան «ՀԱՄԱՍ»-ի գործողությունների սկսել է խոցել Գազայի հատվածում գտնվող «ՀԱՄԱՍ»-ի և այլ իսլամիստական խմբավորումների ռազմական ենթակառուցվածքները:
Իսրայելական իշխանությունները Գազայում իրականացնում են «Protective Edge» գործողությունը, որի շրջանակներում հարձակման է ենթարկվել 550 թիրախ, այդ թվում 31 թունել և 60 հրթիռային համակարգ: Հրթիռակոծություններին հետևել է Իսրայելի ցամաքային գործողությունը Գազայում: