30/07/2014 17:22
«Հարսնաքարի» գործով վճռաբեկ բողոք է ներկայացվել
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալներ Արման Խաչատրյանի և Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանն Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Ե. Սարգսյանը ասաց, որ այդ գործով առաջին ատյանի դատարանները բազմաթիվ սխալներ են թույլ տվել, կոպտորեն խախտել դատավարական իրավունքի նորմերը:
Փաստաբանը միջնորդել է իր պաշտպանյալ Նորայր Հայրապետյանի մասով ամբողջությամբ բեկանել դատական ակտը և ուղարկել նոր քննության, իսկ Արման Խաչատրյանի մասով նաև կարճել քրեական գործը և արդարացնել նրան:
«Դատարանները արժանահավատ են համարել տուժողների ցուցմունքները և անարժանահավատ՝ ամբաստանյալների ցուցմունքները այն դեպքում, երբ վերջիններս տվել են հակասական ցուցմունքներ»,- ասաց փաստաբանը:
Պաշտպանը ասաց, որ Նորայր Հայրապետյանի մասով մեղադրանքը անհիմն է, իսկ Արման Խաչատրյանի վիճաբանությանը մասնակցելու մասով, ընդհանրապես, որևէ ապացույց չկա:
Փաստաբանը ասաց, որ եթե Վճռաբեկ դատարանն էլ մերժի իր բողոքը, ապա նա կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հիշեցնենք, որ 2012 թվականի հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ, որոնցից մեկը` ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:
Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
Մեղադրող կողմի փաստաբաններ Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը քաղաքացիական հայց ներկայացրեցին գործով ամբաստանյալների և «Հարսնաքար» ռեստորոնային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի դեմ՝ պահանջելով, ընդհանուրը շուրջ 297 մլն դրամի փոխհատուցում։
Նախորդող հրապարակում՝ «Հարսնաքարի գործով» մեղադրյալները դատապարտվեցին 12 տարի ազատազրկման
«Հարսնաքարի գործ». Եթե արդար դատավարություն չլինի, կինքնահրկիզվենք