30/07/2014 15:49
«Հիդրոմետ» ծառայություն. Այս ամառ ջերմաստիճանը չի անցել 40 աստիճանից
Այս ամռան ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է հուլիսի 17-ին՝ 38-39 աստիճան և դեռևս ոչ մի օր չի անցել 40 աստիճանի շեմը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Զարուհի Պետրոսյանի դիտարկմամբ՝ մեր երկրում մարդիկ սովորաբար աշխատանքի են գնում առավոտյան ու ավարտում են այն երեկոյան, հետևաբար՝ բարձր ջերմաստիճանը չի կարող վտանգավոր լինել նրանց համար ու խանգարել աշխատանքին:
«Այլ հարց է, եթե մարդը ստիպված է աշխատել արևի ուղիղ ճառագայթների տակ. Այս դեպքում գործատուն պետք է ցերեկային ժամերին չաշխատեցնի մարդկանց: Քանի որ նրանք այդպիսով վտանգում են իրենց առողջությունը: Ընդ որում այս օրերին պետք է ոչ միայն խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, այլև՝ հագնել բաց գույնի բամբակյա հագուստ և օգտագործել շատ հեղուկներ»,- ասաց Զարուհի Պետրոսյանը:
Ասուլիսի մյուս բանախոս, սրտաբան Վահե Սարգսյանն էլ արձանագրեց, որ այս տարի նվազել են սրտանոթային հիվանդությունների դեպքերը.
«Ամռանը մարդիկ սկսել են հաճախ դուրս գալ քաղաքից: Նրանք գնում են հանգստանալու, կարծում եմ, որ սրանով է պայմանավորված դեպքերի նվազումը»,- ասաց սրտաբանը: