30/07/2014 11:19
Ահազանգ. Բուլդոզերները մեկը մյուսի ետևից ջարդում են ծառերը
Երեքշաբթի օրը Նոր Նորքի բնակիչները նկարահանել են, թե ինչպես են Ջրաշխարհին կից անտառներում բուլդոզերները մեկը մյուսի ետևից ջարդում ծառերը: Այս մասին ահազանգում է «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը:
«Այս անօրինական գործողությունները տեղի են ունենում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հովանավորությամբ:
Նոր Նորքի վերջին կանաչապատ տարածքի՝ Մասիվի թոքերի ոչնչացումը կարող է հանգեցնել մարդու կյանքի համար անտանելի պայմանների ստեղծմանը: Արդեն այսօր Երևանում այլևս չկան բավարար քանակով ծառեր երևանցիների թոքերի համար թթվածին արտադրելու համար:
Նոր Նորքի վարչական շրջանը հայտարարել է, որ այդ ծառածածկ հատվածում խաղահրապարակ են կառուցելու. փորձ է արվում Երևանի վերջին անտառներից մեկը նույնպես վերածել բետոնապատ տարածքի։
Այս բարբարոսությունը, հավանաբար, կապված է վերջերս Վիշապների պուրակի փոխարեն այս հատվածում կառուցված բարձրահարկի համար խաղահրապարակ ստեղծելու մասնավոր խնդրի հետ։
Պահանջում ենք անհապաղ հանել բուլդոզերները Նոր Նորքի անտառներից, պատժել մեղավորներին և վերականգնել կանաչ տարածքը նախկին տեսքով»,- ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ: