30/07/2014 18:34
Ռեկտորի եղբոր սպանության պատճառը խանդն էր (Տեսանյութ)
Շիրակի մարզի Գետք համայնքի վերջնամասում` Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի աջակողմյան հատվածում դիակի հայտնաբերման մասին ահազանգը ստացվեց հուլիսի 24-ին: Այդ հատվածում գտնվող կիսակառույց շինության մոտակայքում անհայտ անձը հրազենով կրակել ու սպանել էր Հարություն Գրիգորյանին և դեպքի վայրից դիմել փախուստի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ախուրյանի քննչական բաժանմունքում դեպքի առիթով հարուցվեց քրեական գործ: Տեղանքի զննությամբ հայտնաբերվեցին և առգրավվեցին` 5 հատ կրակված պարկուճ, երկու գնդակ, ծխախոտի մնացորդներ, տուփեր, արնանման նյութի հետքեր, իսկ դեպքի վայրում կայանած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայից՝ ձեռքի հետքեր:
Բացահայտման աշխատանքներին ներգրավվեցին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Շիրակի մարզային վարչությունների ծառայողներ: Հարցաքննվեցին սպանվածի բոլոր հարազատներն ու մտերիմները, հարևան-բարեկամները:
Շուտով տեղեկություններ ստացվեցին, որ Հարություն Գրիգորյանի սպանությունը կարող է կատարած լինել պաշտպանության նախարարության Գյումրիի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արման Կատունյանը` իր կամ աշխատանքային ընկերներից մեկի հաշվեցուցակային զենքով:
Իսկ դրդապատճառը խանդն էր:
Հուլիսի 30-ին Արման Կատունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Նախորդող հրապարակում՝ Ռեկտորի եղբոր սպանության գործով ձերբակալվածը կալանավորվեց