30/07/2014 11:44
Ինչո՞ւ 42 համարի ավտոբուսները Ալեք Մանուկյան փողոցով չեն անցնում
Արդեն սովորական է դարձել, որ թիվ 42 համարի ավտոբուսները, հասնելով «Վերնիսաժի» կանգառ, գերադասում են ուղիղ Խանջյան փողոցով գնալ, ոչ թե թեքվել Ալեք Մանուկյան: Գրեթե ամեն օր, գրեթե յուրաքանչյուր վարորդի հետ ուղևորները, հատկապես այն ուղևորները, ովքեր 42 համարից օգտվում են հատկապես Ալեք Մանուկյան հասնելու համար, մշտական պատերազմների մեջ են:
«Տեսեք, տրաֆարետի վրա գրված չի, որ մտնենք Ալեք Մանուկյան, ուր ուզում ես գնա, բողոքի` մեկա՝ Ալեք Մանուկյան չեմ մտնի, ուսանողների համար էլ Ալեք Մանուկյան էլ չենք մտնի: Մենակ առավոտներն ենք մտնում»,- նման պատասխաններ 42 համար ավտոբուսի վարորդները միշտ ունեն:
Ի վերջո, Ալեք Մանուկյանով անցնո՞ւմ է 42 համարի միկրոավտոբուսը հարցով Aysor.am-ը դիմեց «Երևանտրանս», որտեղից փոխանցեցին, որ 42 համարի միկրոավտոբուսի ուղերթն անցնում է Ալեք Մանուկյան փողոցով:
Նաև ենթադրեցին, որ Ալեք Մանուկյանում խցանում են, երևի դրա համար էլ վարորդները չեն ցանկանում երթևեկել այդտեղով: Մեր դիտարկմանը, թե ամենախաղաղ փողոցներից է, թեև սրճարաններ շատ կան, պատասխանեցին, որ մեր բողոքը կփոխանցեն գիծը շահագործող ընկերությանը:
Թե ինչո՞ւ են 42 համարի միկրոավտոբուսները խուսափում Ալեք Մանուկյանով անցնելուց` անհասկանալի է. պարզապես կամակորություն:
Նշենք, որ 42 միկրոավտոբուսը շարժվում է Նորքի 8-րդ Զանգվածից մինչև «Արաքս» մարզադաշտ, ըստ շրջանառվող տեղեկությունների, գիծը պատկանում է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: