30/07/2014 12:48
Ռոբերտ Գրիգորյան. Թրաֆիքինգի զոհերի թիվը տարեցտարի նվազում է
Հուլիսի 30-ը Թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային օրն է: Այս առթիվ այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Ռոբերտ Գրիգորյանն ասաց, որ տարեցտարի նման դեպքերը նվազում են, ինչը կապված է հասարակության իրազեկվածության բարձրացմամբ:
Ռ. Գրիգորյանի խոսքով՝ թրաֆիքինգի տեսակներից հայերը հիմնականում ենթարկվում են աշխատանքային թրաֆիքինգի:
«Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային թաֆիքինգի մեծ մասամբ տղամարդիկ են ենթարկվում, սակայն նրանց թվի նվազում է արձանագրվել, քանի որ նախկինում ունեցած բազմաթիվ զոհերի փոխարեն այժմ 1-2 զոհ ենք ունենում»,-ասաց նա:
Հայաստանում ներքին թրաֆիքինգի զոհերը, նրա խոսքով, հիմնականում ՀՀ քաղաքացիներ են, իսկ օտարերկրացիների հետ կապված` վերջին անգամ նման դեպք արձանագրվել է 2009-ին:
Ասուլիսի մյուս բանախոս, «Աուդովիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արզուման Հարությունյանն էլ հիշատակեց թրաֆիքինգի թեմայով լրագրողական մրցույթների անցկացումը, ինչը նրա խոսքով, նպաստում է հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: