30/07/2014 18:25
«ՅՈՒԿՕՍ»-ը կարող է որպես փոխհատուցում ստանալ ռուսական արվեստի գործերը
Հաագայի դատարանը «ՅՈՒԿՕՍ»-ի գործով Ռուսաստանին պարտադրել է վճարել 50 մլրդ ԱՄՆ դոլար: Ռուսական կողմի փաստաբանները հայտարարել են, որ պատրաստվում են բողոքարկել այս որոշումը, ինչպես նաև նշել, որ հավանական է, որ մյուս կողմի փաստաբանները փորձեն այդ գումարը ստանալ արտերկրում գտնվող ռուսական մշակութային արժեք ներկայացնող արվեստի գործերի կալանքով: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Սա կլինի այն դեպքում, եթե ՌԴ-ին չհաջողվի չեղյալ հայտարարել այս որոշումը կամ վճարել «ՅՈՒԿՕՍ»-ի փոխհատուցումը մինչև 2015 թ. հունվար ամիսը:
«Հայցվորները կարող են որպես փոխհատուցում դիտարկել Ռուսաստանին պատկանող՝ ողջ աշխարհում ցուցադրվող արվեստի գործերը, ինքնաթիռները, նավերը, այն ամենը, ինչ ունի ռուսական կողմը և օգտագործում է կոմերցիոն նպատակներով»,- ասել է Group Menatep-ի տնօրեն Թիմ Օսբորնը:
Արվեստաբան Դմիտրի Բուտկեվիչի խոսքով՝ անգամ եթե ընկերությունը վերցնի շատ մեծ գումարային արժեք ունեցող արվեստի գործեր, թանգարանները այլևս չեն համարձակվի ռուսական արվեստի գործեր բերել և ցուցադրել, ինչը մեծ հարված է մշակույթին:
Հիշեցնենք, որ դատական գործընթացը սկսվել է 2005 թ., 2003 թ. պետությունը «ՅՈՒԿՕՍ» ընկերությանը մեղադրել է հարկերի վճարումից խուսափելու մեջ:
Ընկերության նախագահը ձերբակալվել է խարդախության մեղադրանքով 2005 թ., ապա 2013 թ. համաներմամբ ազատ է արձակվել:
Հաագայի դատարանի որոշման համաձայն՝ ընկերությանը պետք է վճարվի 50 մլրդ 20.87 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ թվում դրամական փոխհատուցում պետք է ստանա կիպրական «Hulley Enterprises» ընկերությունը՝ 39.9 ԱՄՆ միլիարդ դոլար, «Yukos Universal» ընկերությունը՝ 1.8 միլիարդ ԱՄՆ դոլար, կիպրական «Veteran Petroleum» ընկերությունը՝ 8.2 միլիոն ԱՄՆ դոլար:
Նախորդող հրապարակում՝ Հաագայի դատարանը պարտավորեցրել է «ՅՈՒԿՕՍ-ի» գործով վճարել 50 մլրդ դոլար