31/07/2014 11:12
Հալեպում հայեր են զոհվել, կան նաև վիրավորներ
Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում երեկ դարձյալ հայեր են զոհվել և վիրավորվել: Այս մասին տեղեկանում ենք Բերիո լուրերի Facebook-յան էջից:
Ահաբեկիչ զինյալները խաղաղ բնակիչների ուղղությամբ կրակ են բաց թողել չորեքշաբթի օրը` կեսօրից հետո, Հալեպի Ժալլաա շրջանի մեջ գտնվող Մխիթարյան դպրոցի ուղղությամբ: Պայթյունի հետևանքով զոհվել է Սոնա Պալըքյանը: Նույն օրը կեսօրից հետո` ժամը 6-ի սահմաններում, զինյալները հրասանդ են արձակել Նոր Գյուղի մեջ գտնվող Հայ Կաթողիկե Սբ. Երրորդություն եկեղեցու (Զվարթնոց) ուղղությամբ, որի հետևանքով զոհվել են քույրեր Ազնիվ Արուշեան-Մինասյանը և Արաքս Արուշեան-Խաչատրյանը, ինչպես նաև՝ Գևորգ Գալեմքարյանը (Գլնըճեան):
Նշենք, որ վերջին 3 զոհերը իրենց մահկանացուն կնքել են վիրավորվելուց մի քանի ժամ անց:
Նշվում է, որ մի կողմից զինյալները հրթիռակոծել են Նոր Գյուղը, մյուս կողմից՝ կրակ են բաց թողել նաև Թելոֆոն Հաուայի շրջանի ուղղությամբ, որտեղ գրանցվել են նաև վիրավորներ: Այստեղ թիրախը հիմնականում հանդիսացել է Հայ Ավետարանական Բեթել եկեղեցու բակը: Բարեբախտաբար, զոհեր չեն գրանցվել: Հրթիռակոծության հետևանքով բնակիչները կրել են ոչ միայն նյութական կորուստ, այլև հոգեկան ապրումներ են ունեցել: Վնասվել են ինչպես տեղի խանութները, բնակարաններն ու ինքնաշարժերը, այնպես էլ եկեղեցիները:
Բնակիչները խիստ վախեցած ու մտահոգված են: