31/07/2014 14:14
Հայրիկյան. Չկա և՛, և՛-ի քաղաքականություն, երբ այդ և-երն իրար բացառում են
Չես կարող շարունակել և՛, և՛-ի քաղաքականությունը, երբ և-երից մեկը մյուսին բացառում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանն, ասաց ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը:
Հայրիկյանի խոսքով՝ այսօր նախագահ Սերժ Սարգսյանը, գիտակցելով իր ձախողումը, պիտի հրաժարական տա և իշխանությունը փոխանցի եվրոպամետ ուժերին: Ընդ որում, ԱԻՄ առաջնորդի կարծիքով, միակ նման ուժն իր ղեկավարած կուսակցությունն է:
«Ձախողում ապրած քաղաքական գործիչն Ուկրաինայում հրաժարական տվեց, կրկնակի ձախողում է ապրել Սերժ Սարգսյանը: Նա, հետևելով իր գործընկերոջ օրինակին, պետք է հրաժարական տա»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Անդրադառնալով ուկրաինական հակամարտությանը՝ ԱԻՄ առաջնորդը նշեց, որ մենք պետք է մի քանի դաս քաղենք դրանից.
«Մասնավորապես կարևորագույնը՝ պիտի գիտակցենք, որ մենք և Ուկրաինան ունենք մեկ ընդհանուր թշնամի: Այսօր Ոուսաստանն իր զենքերը Ուկրաինայի դեմ է կիրառում, վաղն էլ, եթե Հայաստանը վճռականորեն ինքնիշխանություն դրսևորի, նույնը կանի մեզ հետ՝ օգտագործելով Ադրբեջանը»,- ասաց Պարույր Հայրիկյանը: