31/07/2014 18:22
Սահմանվել են ջրային տարածքներում որսի թույլատրելի չափաքանակները
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հրաման է ստորագրել, որով սահմանվել են 2014 թ. Հայաստանի ջրային տարածքներում որսի չափաքանակները: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Հանրապետության ջրային տարածքներում որսի թույլատրելի չափաքանակներն են՝ Կարաս՝ մինչև 100 տոննա, Ծածան՝ մինչև 50 տոննա, Խեցգետին՝ մինչև 2500 տոննա:
Հրամանով ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին հանձնարարվել է սահմանված կարգով իրականացնել ջրային տարածքներում արդյունագործական ձկնորսության նկատմամբ վերահսկողությունը, ուժեղացնել հսկողությունը իշխանի, կողակի և սիգի ապօրինի որսի և վաճառքի կանխարգելման ուղղությամբ՝ համագործակցելով իրավապահ մարմինների հետ:
Նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին հանձնարարվել է կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելիս առաջնորդվել հրամանով սահմանված չափաքանակներով: