31/07/2014 13:49
«Կամուրջ» ընկերության աշխատակիցը վթարի է ենթարկվել. 4 մլն դրամը անհետացել է
Արմավիրի մարզում «Կամուրջ» վարկային կազմակերպության աշխատակիցը վթարի է ենթարկվել, իսկ նրա մոտ գտնվող վարկերի մարման գումարները անհետացել են: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Գայ համայնքի համայնքապետ Սեյրան Մարկոսյանը:
Ս. Մարկոսյանի խոսքով՝ ընկերության աշխատակից Տաթևիկի մոտ եղել են իրենց համայնքից հավաքված 4 մլն դրամի չափով վարկի գումարները:
«Գյուղացիները իրենց վերջին կոպեկները հավաքել, տվել են վարկի մարման համար: Հիմա այդ աշխատակիցը հիվանդանոցում է, շատ ծանր վիճակում»,-ասաց նա:
Հարցին՝ արդյոք գյուղացիներին տրամադրվե՞լ են վճարման անդորրագրեր, Ա. Մարկոսյանը ասաց, որ այո, բայց ինքը մտավախություն ունի, որ ընկերությունը կարող է նորից պահանջել անհետացած գումարները:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ վթարի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ շատ բնակիչներ «Կամուրջ» վարկային կազմակերպությունից վարկ են վերցրել և ամեն ամիս մարել այն՝ գյուղապետարանի աշխատակից Տաթևիկին փոխանցելով։
Եվ ահա հուլիսի 29-ին Տաթևիկը հերթական անգամ հավաքել է վարկի մարման գումարները՝ շուրջ 3,5 միլիոն դրամի չափով, նստել գյուղի տաքսիներից մեկը և Արմավիրի մարզի Չոբանքյարա կոչվող ճանապարհահատվածում վթարի ենթարկվել: Վարորդն ու Տաթևիկը հիմա հիվանդանոցում են, իսկ գումարը անհետացել է: