31/07/2014 16:39
WWF-ը հատուկ զբաղվում է կովկասյան ընձառյուծի պահպանության խնդրով
ՀՀ բնապահպանության նախարարության հետ լավ պլատֆորմ է ստեղծվել համատեղ աշխատանքների համար` հատկապես բնության հատուկ պահպանվող տարածքներում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:
Համատեղ աշխատանքներից, Կարեն Մանվելյանը ներկայացրեց հատուկ պահպանվող տարածքներում ռեժիմի հզորացումը, որին հետևեց նոր հատուկ պահպանվող տարածքների ավելացում. «Քանի որ տարածքները հիմնականում սեփականաշնորհված էին` գործընթացը բավականին դժվար էր առաջ ընթանում»:
Բանախոսը հիշեցրեց Զիկատար արգելավայրի ստեղծումը Նոյեմբերյանում, իսկ Մեղրիի տարածաշրջանում, նրա խոսքով, ընթանում են հատուկ պահպանվող տարածքների ստեղծման աշխատանքներ:
«WWF-ի հայաստանյան մասնաճյուղը հատուկ զբաղվում է կովկասյան ընձառյուծի պահպանության խնդրով, որը ներառված է Հայաստանի և միջազգային Կարմիր գրքում, նաև քարայծների, բեզոարյան այծերի պահպանությամբ, որոնց թիվը վերջին տարիներին ավելացել է»,- ասաց նա: