31/07/2014 15:35
Համալիրի տնօրինությունը կդիմի Եվրադատարան. «Սա պետական ռեկետ է»
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի քայլերի հետ կապված ևս դիմել ենք համապատասխան մարմիններին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Մարզահամերգային համալիրի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, ասաց Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Կորյուն Գրիգորյանը:
«Դիմել ենք գործող վարչապետին, բայց, ցավոք սրտի, արձագանք դեռ չենք ստացել»,- ասաց նա: Բանախոսը տեղեկացրեց նաև, որ եթե այստեղ, նման պայմաններում ընկերությունը չկարողանա պայքարել սեփական իրավունքների համար, անպայման հարկ եղած դեպքում կդիմի Եվրոպական դատարան:
«Կփորձենք մեր իրավունքները պաշտպանել եվրոպական դատական համակարգում: Վստահ ենք, որ այնտեղ գործը կշահենք: Հայաստանում ԴԱՀԿ-ն մնացել է ՍՊԸ-ի կարգավիճակում, իսկ որ ամենաճիշտն է՝ վերածվել է «դուքյանի»: ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանն ունի մի կազմակերպություն, որը զբաղվում է գույքի գնահատմամբ, իսկ ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանը գույքը խլում է մարդկանցից. Մեկը գնահատում է, իսկ մյուսը` ժամանակից շուտ խլում դրանք»,- վրդովված նշեց Կ. Գրիգորյանը:
Ու թեև նա վստահ է, որ այս ամենը հատուկ է կազմակերպվում, բայց դժվարանում է պատասխանել, թե ում ձեռքով է դա տեղի ունենում: «Կանկրետ չեմ կարող ասել, սակայն նրանք մի քանի հոգի են: Նրանք են, ովքեր կարողանում են ղեկավարել դատական իշխանություններին և հատկապես ԴԱՀԿ-ին: Էլ չասեմ, թե ով»,- նշեց նա:
Գրիգորյանի հավաստամամբ՝ ԴԱՀԿ-ն ՄՀՀ չի կարող յուրացնել, քանի դեռ այստեղ օտարերկրյա ներդրումային ծրագրեր են իրականացվում: Նա մանրամասնեց, որ երեկ ԴԱՀԿ աշխատակիցները թույլ չեն տվել աշխատակիցներին մուտք գործել տարածք: Նրա խոսքով՝ մարդիկ այնտեղ ունեն անձնական իրեր, որոնք ուզում էին հետ վերցնել, բայց ԴԱՀԿ աշխատակիենցրը դա նույնպես թույլ չեն տվել:
«Եթե մեջը մի մարդ մնար, այդ մարդուն էլ կսեփականացնեին: ԴԱՀԿ գործողություններն իրավասու չեն: Սա ոչ թե գույքի օտարում կամ վտարում, այլ պետական ռեկետ է: Մեզ այս քայլով ուզում են լռեցնել, բայց մենք չենք լռելու: Եթե ընդառաջեին, գուցե մենք էլ մեր հերթին լռեինք, բայց մենք բարձրաձայնելու ենք: Եթե չենք հասցնում վճարել, դա չի նշանակում, թե մենք այդ քայլով օրենք ենք խախատում: Աճուրդներն ապօրինի են եղել, բայց հաջորդ աճուրդը չի լինելու»,-ասաց նա:
Նախորդող հրապարակում` ԴԱՀԿ-Համալիր հակամարտություն. «ԴԱՀԿ-ն առաջնորդվում է Մոզամբիկի օրենքներով»