31/07/2014 14:27
ԴԱՀԿ-Համալիր հակամարտություն. «ԴԱՀԿ-ն առաջնորդվում է Մոզամբիկի օրենքներով»
ԴԱՀԿ-ն նախ ապօրինի կերպով է ներխուժել Համալիրի տարածք, իսկ ներխուժելով՝ խախտել է մի շարք օրենքներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, պարզաբանելով երեկ ՄՄՀ-ում տեղի ունեցածը, նշեց ՄՄՀ գործով փաստաբան Արմինե Հակոբյանը՝ հավելելով, որ այլ երկրներում վտարման գործողության մասին պատշաճ կերպով և նախապես ընկերությանը տեղյակ են պահում, իսկ այս դեպքում ոչ ոք ոչնչից տեղյակ չէր:
Փաստաբանի խոսքով՝ ընկերությունը պետք է նախապես ծանուցվեր, իսկ ծանունցվելուց հետո, եթե աշխատակիցներն ու ընկերության ներկայացուցիչները չհեռանային ինքնակամ, նոր ԴԱՀԿ-ն պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեր:
«Երբ ես հասա ընկերություն, ինձ ընդհանրապես որևէ տեղեկություն չտրամադրեցին»,-ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ իր կարծիքով վտարման մասին ընդհանրապես որևէ որոշում չկա: «Վարկային պարտավորությունները թույլատրում են վարկն ուշացնել: Արդեն 5 անգամ ապօրինի կերպով աճուրդի է հանվել, մինչդեռ դրա իրավունքը չունեին»,-ասաց փաստաբանը:
Անդրադառնալով ԴԱՀԿ-ի կողմից տարածած հաղորդագրությանը՝ փաստաբանը հավաստիացրեց, որ օրենքը թույլ է տալիս վտարման մասին որոշում կայացնել, սակայն այդպիսի որոշման համար կան պատշաճ նորմեր: «Այդ հայտարարությամբ ևս ԴԱՀԿ-ն խախտել է մի շարք օրենքներ: ՀՀ օրենքի համաձայն՝ առանց ընկերության տնօրինեությանը տեղյակ պահելու ձայնագրել և նկարահանել ԴԱՀԿ-ն իրավունք չուներ: Այդպիսի լիազորություններ ունեն միայն ոստիկանությունը և այլ մարմիններ, բացառությամբ՝ ԴԱՀԿ ծառայության»,- մանրամասնեց փաստաբանը՝ շեշտելով, որ անգամ այդ ձայնագրության մեջ առկա են հանցագործության տարրեր:
Փաստաբանը հավելեց, որ այդ ամենի վերաբերյալ ինքը արդեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազին: «Կատարողական վարույթը հարուցելուց մինչ օրս ներկայում նույնպես կատարվում են որոշակի գործողություններ, որի մասին ընկերությունն ընդհանրապես տեղյակ չէ: Այդ ամենն անօրինական է»,- ասաց Հակոբյանը պնդելով, որ ընկերության տնօրենը երեկ գտնվում էր մարզում, իսկ իրեն թույլ չեն տվել աշխատել:
Այն, ինչ կատարվեց երեկ ՄՄՀ-ում, դա խայտառակություն էր. Իր հերթին էլ հավելեց ՄՄՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը՝ նկատելով, որ Հայաստանում ընդունված չէ պատշաճ կերպով վտարում իրականացնել:
«ՀՀ նախկին կառավարության որոշումն անօրինական է: Մենք մեզ վրա ենք վերցրել վարկային պատասխանատվությունը, բայց մեզ խաբել են: 10մլդ 200 մլն դրամի պարտք ունենք»,- մանրամասնեց նա՝ շարունակելով, որ Հայաստանի բյուջետային օրենքի հավելվածում նշված չէ, թե ընկերության պարտքն այսօր որքան է կազմում:
«25 մլն դրամ բացակայում է պետնյուջեից, բայց այս մասին ոչ ոք չի հետաքրքրվում կամ հարցնում, թե ուր կորավ այդ ահռելի գումարը: Սա Տիգրան և Դավիթ Սարգսյանների միջև կնքված գաղտնի գործարք է, ովքեր այդ գումարը յուրացրել են: Հանրությունը չի ուզում պարզել, թե ում թեթև ձեռքով է այս ամենը կատարվել: Մենք խոսում ենք օֆշորի մասին, բայց սա ավելի լուրջ հանցագործություն է»,- նշեց Կ. Գրիգորյանը՝ հավելելով, որ այդ գումարը շատ հանկարծակի, չգիտես ուր և ինչու, անհետացել է:
Գրիգորյանի հավաստմամբ՝ այդ գումարի մասին պատշաճ կերպով ընկերությունը տեղյակ է պահել համապատասխան մարմիններին, որոնք, սակայն, մինչ օրս չեն արձագանքել: «Դիմել ենք ՀՀ Արդարադատության նախարարություն, ՀՀ կառավարություն և Գլխավոր դատախազություն»,- ասաց նա:
Նա մանրամասնեց նաև ԴԱՀԿ աշխատակիցների գործողություններով օերնքի խախտումները չեն սահմանափակվում: Նրա խոսքով՝ ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցները 2014 թվականի հուլիսի 26-ի գիշերը ապօրինի ներխուժել են Կ. Դեմիրճյանի անվան ՄՄՀ Ընկերությանը պատկանող տարածք, իրականացրել են վերահսկողություն:
«Նրանք խոչընդոտել են ինչպես Համալիրի աշխատանքները, այնպես էլ տարածքում վարձակալությամբ աշխատող ընկերությունների գործունեությանը: Սա շատ պատահական էր: Իսկ բոլորովին վերջերս ՊՆ-ն 3 միջոցառում է անցկացրել ՄՄՀ-ում, որից հետո հենց ՌՈ-ը ներխուժեց այդ տարածք: Շատ հետաքրքիր է, եթե մենք էդքան զորք ունենք, ինչու չեն գնում սահման, այլ գալիս են Համալիր: Անհասականալի է, թե ՄՄՀ ինչ կառույց է, որի նկատմամբ այդքան մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ՊՆ-ն»,- հետաքրքրվեց Գրիգորյանը՝ ՊՆ-ին հիշեցնելով, որ թեև ՊՆ 3 միջոցառում է անցկացրել Համալիրում, բայց 3-ի համար էլ ոչինչ չի վճարել: Ըստ նրա՝ խոսքը գնում է մոտավորապես 60 մլն դրամի մասին: «Շատ ցանկալի է, որ հաշվի առնեն մեր այս վիճակը և այդ գումարը մեզ վճարեն»,-ասաց նա:
Անդրադառնալով վարկային պարտավորություններին՝ Գրիգորյանը ընդգծեց, որ ըստ վարկային պարտավորությունների՝ ընկերությունը պարտավոր էր վճարումներ կատարել: Նա նշեց, որ բոլորն էլ տեղյակ էին, որ ընկերությունը ներդրումներ է կատարել՝ ՄՄՀ աշխատանքային վիճակում պահպանելու համար, բայց այդ ծախսերը ցավոք սրտի չարդարացրեցին:
«Երբ մենք կնքեցինք պայմանագիրը, մենք հնարավորություն ունեինք այն երկարաձգելու, բայց այսօր այդպիսի հնարավորություն չկա: Այս մասին ևս, չգիտես ինչու, չի խոսվում: ԴԱՀԿ-ն հավանաբար Մոզամբիկի օրենքներով է առաջնորդվում»,- հավելեց նա:
Ըստ Գրիգոյանի` նախ ԴԱՀԿ-ն պետք է ունենար նաև ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությունը, ինչը ևս չի ունեցել, իսկ հետո պետք է ծանուցեր, որը, չգիտես ինչու, չի արել: Նրա խոսքով՝ ՄՄՀ համարվում է նաև պատմամշակութային կոթող, որի համար պատասխանատվություն է կրում ոչ միայն ընկերությունը, այլև` մշակույթի նախարարությունը:
«Մեզ հարկում են այնպես, ինչպես սուպերմարտկետներին: Ոչ մի հետաքրքրություն չկա պատմամշակութային արժեքների նկատմամբ»,- հավելեց նա: