31/07/2014 13:29
Orange-ի 30 կամավոր մասնակցել է մանուկներին ուղղված հասարակական աշխատանքին
Orange-ի ավելի քան 30 աշխատակիցներ իրենց աշխատանքային ժամանակից մի քանի ժամ տրամադրել են Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համատեղ իրականացրած կամավորական նախագծին մասնակցելու նպատակով:
Կազմակերպության տարբեր բաժիններ ներկայացնող այս աշխատակիցները կազմել են կամավորների երկու խումբ: Նրանց մի մասն այցելել է Արթենի, Վանանդ և Երվանդաշատ համայնքներ, որտեղ համայնքի երեխաների հետ միասին ներկել են նոր խաղահրապարակներում տեղադրված նստարաններն ու աղբամանները: Խաղահրապարակները կառուցվել են Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից այս տարի՝ Արմավիրի և Արագածոտնի մարզերում գտնվող մի շարք համայնքներում ապահով և բաց խաղային տարածքների բացակայությունը շտկելու նպատակով:
Կամավորների մյուս խումբն այցելել է Մյասնիկյան համայնքի մանկապարտեզ, որտեղ արտ-թերապևտների և մանկապարտեզի աշխատակիցների ուղղորդմամբ կազմակերպվեցին բնության թեմայով խաղեր երեխաների համար: Հայաստանի մանուկներ հիմնադրամը շարունակաբար աշխատում է տեղական մանկապարտեզների ուսուցիչների հետ երեխաներին ներգրավելու այլընտրանքային մեթոդներ ցուցադրելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով զարգացնել ուսուցման ոլորտը:
«Հպարտ ենք մեր աշխատակիցներով, ովքեր ամառային այս շոգ օրերին պատրաստակամ էին` իրենց աշխատանքով իրական ուրախություն պարգևելու հայ մանուկներին: Կամավորական աշխատանքի շնորհիվ մեր աշխատակիցները հանդես են գալիս որպես հասարակության իսկական անդամներ և միաժամանակ ապրում մեր ընկերության արժեքներով»,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: